Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԻ ԾԵՐԱՑՈՒՄ

Հոկտեմբեր 09,2009 00:00

Որովհետեւ պահպանելով մեր ինքնությունն ու հայեցիությունը՝ չենք խառնվում այլազգիներին

Վերջին շրջանում կենսաբաններն ու պատմաբանները հաճախ են ահազանգում, որ երկրագնդի վրա ապրող հին ազգերին, այդ թվում եւ հայերին, սպառնում է ծերացումը եւ, ինչպես աֆրիկյան, այնպես էլ շատ այլ ժողովուրդների նման՝ ոչնչացումը: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց մարդաբան-ժառանգաբան, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մարդաբանության բաժնի վարիչ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ Նվարդ Քոչարի հետ: Ըստ նրա. «Գոյություն ունեն դոմինանտ՝ գերիշխող, եւ ռեցիֆիկ՝ թաքնված, ճնշված գեներ: Երբ խաչասերվող անհատները լինում են իրար ազգակից, ճնշված գենի հանդիպման հաճախականությունը մեծանում է եւ այն արատը, որ թաքնված էր եւ չէր արտահայտվում, գլուխ է բարձրացնում: Կենսաբանական տեսանկյունից իր բանականությամբ կենդանիներից տարբերվող մարդ արարածին անհրաժեշտ է արյան նոր հոսքի ներմուծում, քանի որ, երբ որեւէ մարդկային խումբ երկար ժամանակ մեկուսացած է ապրում, որոշ ժամանակ հետո սերունդները սկսում են իրար մեջ խաչասերվել, ապա գալիս է մի պահ, որ խաչասերվող անհատները ազգականներ են լինում: Հնում ժողովուրդը գենետիկա չգիտեր, բայց մեր նախնիները նկատել էին, որ մոտ ազգականներից սերված սերունդները արատավոր են լինում: Եթե մենք մի քիչ լավ փորփրենք մեր ազգուտակը, կտեսնենք, որ բոլորս իրար ազգակից ենք»:

Հայ առաքելական եկեղեցու պահանջով՝ պսակվողները պետք է 7 սերունդ իրարից հեռու լինեն: Ն. Քոչարի հավաստմամբ, կան ազգեր, որ այս հանգամանքը մինչ այսօր էլ հաշվի չեն առնում, հետեւանքներն այժմ այնքան էլ նկատելի չեն, քանի որ այդ մարդկային ցեղերը մեծ թիվ են կազմում: Որպես օրինակ մասնագետը բերեց փարավոններին, որոնք այժմ երկրագնդի վրա չկան, քանի որ ժամանակին հայր-աղջիկ, քույր-եղբայր կապ կար նրանց միջեւ: Իհարկե, չի բացառվում, որ իրար հետ խաչասերված ցեղերն ապրեն նորմալ կենսագործունեությամբ: Օրինակ՝ Աֆրիկայում կա մի ցեղ, որ մի քանի դար շարունակ իրար հետ ապրում, խաչասերվում են, ազատ կարողանում են վազել, մագլցել, նույնիսկ ոտքերով ծղոտե գորգեր են գործում եւ այլն, բայց նրանց բոլորի ոտքի մատները ջայլամի ոտքերի պես սերտաճած են:

Մեր զրուցակցի խոսքով՝ ազգի ծերացումը հատկապես սպառնում է հայերին, իսկ օրինակ՝ եվրոպական ազգերը նման խնդիր չունեն, քանի որ անընդհատ նորացվում են եւ խառնվում տարբեր ցեղախմբերի հետ: Հայերն իրենց ինքնությունը պահպանելու համար միշտ մեկուսացած են ապրել: Խորհրդային տարիներին Վրաստանում, Ադրբեջանում եւ մնացած բոլոր երկրներում բնակչությունը միշտ խառն է եղել, իսկ Հայաստանում այլ էթնոսի ներկայացուցիչներ գրեթե չեն եղել ու հիմա էլ չկան: «Մենք մեր ինքնությունը, հայեցիությունը պահպանելու համար աշխատում ենք չխառնվել այլազգիներին: Հայ մնալը ժամանակի ընթացքում բոլորովին այլ բանի վերածվեց. մեր ամենալավ մասը բռնի կերպով խառնվեց այլ ազգերին, իսկ մնացածն էլ ինքնակամ է հեռանում ու մեր գենոֆոնդից վերանում: Երբ ես Մոսկվայում սովորում էի՝ մտածում էի. ո՞նց, ես՝ հայուհիս, հանկարծ ամուսնանամ ուրիշ ազգի ներկայացուցչի հե՞տ: Սա կենսաբանական առումով շատ սխալ մտածելակերպ է: Ե՛վ հարսներ, ե՛ւ փեսաներ պետք է բերել Հայաստան, հայացնել, ամեն գնով գայթակղել, որ մնան այստեղ»,- ասում է Նվարդ Քոչարը ու խորհուրդ տալիս հայերին՝ օրինակ վերցնել ռուսներից, թուրքերից, չինացիներից, արաբներից, որոնք արաբացրել, թուրքացրել են ուրիշ ազգերի ներկայացուցիչներին: Մեր զրուցակցի խոսքերով, այժմ թուրքերը հպարտանում են՝ փոքր քոչվոր ցեղ էինք, դարձանք մեծ տարածքով հզոր պետություն: «Այսօր Թուրքիայում քաղաքային բնակչության մեծամասնությունը շատ գեղեցիկ արտաքինով տիպիկ արմենոիդներ են, որովհետեւ աշխարհի տարբեր ծայրերի առողջ ու գեղեցիկ անհատներին տարբեր նպատակներով բերել, թուրքացրել են: Հանճարները ծնվում են տարբեր ազգերի խառնուրդներից: Ռուսների մեջ էլ տիպիկ ռուս դժվար է գտնել, օրինակ՝ Ելցինն ու նրա կինը տիպիկ մոնղոլոիդի դեմք ունեն: Պուշկինը, որ ռուս մշակույթի ամենավառ ներկայացուցիչն է, պապը նեգրոիդ է եղել ու հիմա Աֆրիկայում մի քանի պետություններ իրար հետ վիճում են, թե որտեղից է Պուշկինի պապը»,- ասաց տիկին Քոչարը:

Պատահական չէ, որ երեւանյան կոչվող ժառանգական ու գրեթե անբուժելի հիվանդությամբ հիմնականում տառապում են հայերը, իսկ ժամանակին նաեւ հրեաները, բայց վերջիններիս վարած ճիշտ քաղաքականության արդյունքում նրանք ձերբազատվեցին այդ խնդրից. ցանկացած մարդ, որ ընդունում է հուդդայականություն, դառնում է հրեա, այսպիսով՝ թարմացվում է ազգի արյունը: «30-40 տարի առաջ հատուկենտ մարդիկ էին Հայաստանում տառապում այդ հիվանդությամբ, բայց քանի որ ազգը շատ միատարր է դարձել, այդ արատավոր գենի հանդիպման հաճախականությունն էլ մեծացել է՝ հատկապես երիտասարդների մոտ: Ռուսաստանի գյուղերից մեկում, Անիից գնացած հայերը՝ չուծացվելու համար, իրար հետ անընդհատ խաչաձեւվել էին: Բժշկուհին, որը զբաղվում էր երեւանյան հիվանդությանբ տառապող մարդկանցով, ցնցված էր՝ չէր գտել մի ընտանիք, որն այդ հիվանդությամբ չտառապեր»,- պատմեց ժառանգաբան Ն. Քոչարը: Հարցին՝ բացի հայերից, ո՞ր երկրներն այս խնդիրն ունեն, ԵՊՀ դոցենտն ասաց. «Բոլոր այն ազգերը՝ քրդեր, եզդիներ եւ այլն, որոնք հին են եւ քիչ են խառնված, կանգնած են այս խնդրի առջեւ: Օրինակ, հարեւան վրացիները, ադրբեջանցիները, թուրքերն անընդհատ խառնվում են»:

Մեր հաջորդ հարցին էլ, թե ինչո՞ւ մինչ այժմ հայ ազգը չի վերացել եւ ինչպիսի՞ հետեւանքներ կարող է լինել՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Հետաքրքիր տարիմաստություն կա. բոլոր այն դժբախտությունները, որ բաժին են հասել հայ ժողովրդին՝ կոտորածներ, երկրաշարժեր, տեղահանումներ եւ այլն, վերանորոգել են մեր գենոֆոնդը, թարմացրել այն, դրա համար էլ մենք չենք վերացել. չէ՞ որ պատմական եւ կենսաբանական բոլոր պատճառներից ելնելով, մենք վաղուց պետք է աշխարհի երեսից վերացած լինեինք՝ ինչպես շումերները եւ շատ այլ խմբեր: Թեպետ մի քիչ դաժան է հնչում, բայց սա այն դեպքն է, որ ասում են՝ չկա չարիք, առանց բարիք: Սակայն եթե այսպես շարունակվի, մի քանի հազարամյակ հետո տխուր պատկերի առաջ կկանգնենք»: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, ազգի վերացման սպառնալիքներից մեկն էլ այն է, որ ներկայումս ընտանիքները, կապված տնտեսական, սոցիալական ծանր վիճակի հետ, չեն ցանկանում շատ երեխաներ ունենալ. «Երեխա ունենալու համար ընտանիքը պետք է ապահովված լինի, պետք է քաղաքական ու տնտեսական ծրագիր լինի, մարդկանց պետք է շահագրգռել բազմանալու համար, հիմա հեռուստատեսությամբ միայն ողբալի պատկերներ են ցույց տալիս, թե ինչ ծանր պայմաններում են ապրում 6-7 երեխա ունեցող ընտանիքները, այդ հաղորդումը դիտելուց հետո ո՞ր կինը կամ տղամարդը կուզենա 7 երեխա ունենալ: Անհրաժեշտ է մի այնպիսի ծրագիր, որը ոչ մի տեղ չեմ տեսնում ու լսում: Իսկ իրականում մի հզոր հանձնախումբ պետք է ստեղծել՝ կազմված գիտնականներից, մանկավարժներից, հոգեբաններից, որը կսատարվի պետության կողմից ու լրջորեն կզբաղվի այս հարցերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել