2010 թվականի հունվարի կեսերին Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը: Որոշ լրատվամիջոցներ արդեն տեղեկացնում են, որ այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Աշտարակի «Միկան»: Սակայն Հայաստանի առաջնությունը դեռ շարունակվում է, եւ հայտնի չէ, թե ով է նվաճելու չեմպիոնի կոչումը եւ ովքեր են դառնալու մրցանակակիրներ: Այնպես որ, հունվարին մեր հանրապետությունից ո՞ր թիմը հանդես կգա Մոսկվայում, դեռ հայտնի չէ: Նույնը երեկ հաստատեց նաեւ «Միկա» ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը: «ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը, որպես կանոն, մեկնում են ազգային առաջնությունների հաղթողները,- ասաց նա:- Հայաստանի առաջնության չեմպիոնը կորոշվի մի քանի տուր հետո միայն: Մեր թիմը մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ հորիզոնականում՝ առաջատար «Փյունիկից» ետ մնալով երկու միավորով: Եթե «Փյունիկը» դառնա չեմպիոն եւ, ինչպես վերջին տարիներին, կրկին հրաժարվի այդ մրցաշարին մասնակցել, «Միկան» էլ պահպանի երկրորդ տեղը կամ, առավել եւս՝ ոսկե մեդալները նվաճի, այդ դեպքում Մոսկվայում խաղալու ամենահավանական թեկնածուն կլինենք մենք»: