Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանների բարելավումով պահանջներն էլ մեծանում են

Հոկտեմբեր 09,2009 00:00

\"\"Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Սկանդինավյան երկրներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ, նորվեգաբնակ Ջիմի Վարթիվարյանին, նրա հետ Երեւան ժամանած Օսլոյի քաղաքապետարանի պաշտոնյա Տրոն Նիգոլդին եւ ֆրանսահայ Սարգիս Շիշմանյանին:

Պարոն Վարթիվարյանը ՀԱՕԿ-ի նախագահին տեղեկացրեց, որ ամեն տարի հայրենիք գալիս իր հետ բերում է մի նորվեգացու, որպեսզի տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայերի, Հայաստանում սպորտի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, մեր մարզիկների նվաճումներին: Պարոն Նիգոլդն իր հիացմունքը հայտնեց տեսածից. «Ես շատ եմ կարդացել ձեր երկրի ու մարդկանց մասին: Բայց որ հայերն այսքան բացսիրտ են՝ չէի պատկերացնում,- ասաց Նիգոլդը:- Անչափ տպավորված եմ ձեր անվանի մարզիկներին հանդիպելով: Այսքան փոքր երկիր եւ այսքան շատ օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ու մեդալակիր՝ զարմանալի է»:

Սարգիս Շիշմանյանը, որ առաջին անգամ է հայրենիքում, պատմեց, թե ֆրանսահայերն ինչպիսի հպարտությամբ են լցվում, երբ Հայաստանի մարզիկները միջազգային արենաներում հաղթում են, մեդալներ նվաճում:

Գագիկ Ծառուկյանը պատմեց վերջին տարիներին Հայաստանում սպորտի զարգացման ուղղությամբ կատարվող լայնածավալ աշխատանքների, մարզիկների համար ստեղծվող մարզումային պայմանների մասին: «Պետք է ուշադրություն դարձնել, պայմաններ ստեղծել եւ հետո միայն պահանջել: Հիմա մենք այդպես էլ վարվում ենք: Արդեն առաջընթաց կա, ու տարեցտարի մեդալների քանակն ավելանում է: Դրա հետ մեկտեղ էլ մեծանում են մարզիչներից ու մարզիկներից մեր պահանջները»,- եզրափակեց ՀԱՕԿ-ի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել