Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է

Հոկտեմբեր 09,2009 00:00

Մեկ տարի առաջ, երբ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տոնում էին Ուսուցչի օրը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այս կրթօջախը հարուստ պատմություն ունի, եւ առաջարկեց տեղում ստեղծել Մարզական փառքի թանգարան:

\"\"

Երեկ քոլեջում կրկին մեծարեցին մարզիչներին ու մանկավարժներին եւ կատարեցին թանգարանի հիմնարկեքը: Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց ամբողջ աշխատակազմին՝ ընդգծելով, որ նրանք անգնահատելի աշխատանք են կատարում: «Դուք դաստիարակում եք ոչ միայն Հայաստանի ապագա քաղաքացիներին, այլեւ պատրաստում մարզիկներ, որոնք օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի մրցահարթակներում բարձր են պահում մեր երկրի մարզական դրոշի պատիվը,- ասաց նա:- Ձեր աշխատանքի արդյունավետությանը նպաստում են քոլեջում ստեղծված ուսումնառության եւ մարզումային գերազանց պայմանները, քոլեջի ղեկավարության, գլխավոր տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի հմտությունն ու հոգատարությունը: Մենք անցած տարի սպորտի նախարար Արմեն Գրիգորյանի հետ միասին պայմանավորվել ենք, որ այն մարզադպրոցներում, որտեղ տարեցտարի առաջընթաց չի արձանագրվում, դրանց տնօրեններն իրենց տեղը պետք է զիջեն ավելի արժանավորներին: Ձեր տնօրենի պարագայում նման խնդիր չկա: Շնորհավորում եմ քոլեջի աշխատակազմին՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Ես այսօր դատարկ ձեռքով չեմ եկել ձեզ հյուր: Քոլեջին նվիրել եմ «Իկարուս» մակնիշի ավտոբուս: Իսկ վաղը Դերենիկ Գաբրիելյանն ինձանից կստանա երկուական միլիոն դրամ՝ մանկավարժներին եւ մարզիչներին պարգեւատրելու, ինչպես նաեւ քոլեջի աշակերտների, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ նրանց ընտանիքների սոցիալական վիճակը թեթեւացնելու համար»:

Այնուհետեւ ՀԱՕԿ-ի նախագահը բացեց Մարզական փառքի թանգարանը, եւ ներկաները ծանոթացան հարուստ ցուցանմուշներին: Քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանն «Առավոտի» հետ ունեցած զրույցում ասաց. «Եթե մինչեւ այսօր ունեինք մեր շրջանավարտ օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների եւ մրցանակակիրների լուսանկարները, հիմա թանգարանում իրենց արժանի տեղն են գտել նաեւ նրանց նվաճած մեդալները, գավաթները, անձնական մարզական հանդերձանքները, մարզագործիքները, ընդհանրապես՝ հայկական սպորտի պատմության մասին գրականություն, թերթեր եւ այլն»:

Հարցին, թե քոլեջն իր 38-ամյա պատմության ընթացքում ի՞նչ նշանավոր մարզիկներ է տվել, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Կրթօջախը հիմնադրվել է 1971 թվականին՝ որպես սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոց, հետո դարձել է օլիմպիական ուսումնարան, իսկ հիմա կրում է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ անունը: Քոլեջի սաներ եղել են օլիմպիական չեմպիոններ Հոկսեն Միրզոյանն ու Արմեն Նազարյանը, արծաթե մեդալակիրներ Սիրվարդ Էմիրզյանն ու Արմեն Մկրտչյանը, բրոնզե մրցանակակիրներ Խորեն Հովհաննիսյանն ու Արսեն Մելիքյանը: Մենք տվել ենք մեծահասակների աշխարհի հինգ ու Եվրոպայի ութ չեմպիոն»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե Փառքի թանգարանը հետագայում հարստացնելու նպատակ կա՞: «Անպայման: Այստեղ ըստ էության մեր կրթօջախի մարզական կենսագրությունն է հավաքվում, որը հայկական սպորտի մի մասն է: Մենք արդեն սկսել ենք զբաղվել նաեւ երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում ունեցած նվաճումներով: Համոզված եմ, որ մեր այսօրվա աշակերտները, թանգարանում ծանոթանալով իրենց նախորդների մարզական նվաճումներին, սրտի մի անկյունում ցանկություն կպահեն կրկնել նրանց արդյունքներն ու գերազանցել, որպեսզի հետագայում իրենք էլ ներկայացված լինեն այստեղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել