Նախկին Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցի 1/1 հասցեում 1921 թվականի գարնանը շուրջ մեկ ամիս ապրել է Հովհաննես Թումանյանը: Երեկ բանաստեղծի թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ շենքի պատին փակցվեց քանդակագործ Սամվել Ղազարյանի հեղինակած մարմարյա հուշաքարը: Թումանյանը Երեւանում եղել է 5 անգամ՝ կարճ ժամանակով: 1921 թվականի մարտյան հակասովետական խռովության օրերին, Երեւան ժամանելուն պես, Թումանյանին տանում են դաշնակցության «Հայաստանի փրկության կոմիտե». Վրացյանը քաղաքում չէր եւ կարգադրված էր մինչեւ նրա վերադառնալը Թումանյանին հսկողության տակ պահել: Բայց ընդառաջելով բանաստեղծի ավագ դստեր՝ Աշխենի թախանձանքներին, բանաստեղծին դստեր՝ Աստաֆյան փողոցում գտնվող շենքի երկրորդ հարկի բնակարանում ենթարկում են տնային կալանքի: Այստեղ Թումանյանը առանց հապաղելու հանդիպումներ է ունենում Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի, հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ: Վճռորոշը, սակայն, Վրացյանի հետ վարած բանակցություններն էին:
Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հույս հայտնեց, որ իրագործած այս նախաձեռնության արդյունքում, յուրաքանչյուր մեկը, ով կանցնի Աբովյան փողոցով, ուշադրություն կդարձնի հուշաքարին ու կիմանա, որ այստեղ ապրել է Հովհաննես Թումանյանը. «Ցավոք սրտի, բացի Թումանյան փողոցից ու թանգարանից, «ուտելու» տեղերից, Երեւանում ուրիշ ոչ մի արձանագրության վկայություն չկա նրա մասին»: