Հասույթն էլ կուղղվի երկրաշարժից տուժած բնակֆոնդի վերականգնմանը
Համաշխարհային ռոք լեգենդ, բրիտանական «Uriah heep» խումբը կայցելի Հայաստան. «Շանթ» հեռուստաընկերության 15-րդ հոբելյանի կապակցությամբ, նույն հեռուստաընկերության, «Վիբրոգրաֆուս» ընկերության, «Արզնի» հանքային ջրերի գործարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կկայանա ռոք խմբի մենահամերգը: Երեկ այս մասին «Մետրոպոլ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց համերգի կազմակերպիչ, «Վիբրոգրաֆուս» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը:
«Օգտվելով «Շանթի» 15-ամյակից, որոշեցինք հայ ռոք սիրահարներին լավ անակնկալ մատուցել եւ հնարավորություն տալ մասնակից լինելու աշխարհահռչակ ռոք խմբի համերգին եւ բաց չթողնելով առիթը՝ որոշվեց համերգի շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով»,- ասաց «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Անդրե Սիմոնյանը:
Ինչպես նշեց Վարդան Գրիգորյանը, համերգից ստացված եկամուտը կտրամադրվի երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգնմանը: «Եթե ուսումնասիրենք ռոքի պատմությունը, 60-ականներից առաջացան բրիտանական մի շարք խմբեր, որոնցից շատ քչերն են այսօր պահպանվել եւ գործում: Uriah heep-ն դրանցից մեկն է: Բացի այն, որ իրենք լավ խումբ են, նաեւ ռոքի հիմնադիր խումբ են: Ողջ Անդրկովկասում երեւի Երեւանը միակ վայրն է, որտեղ պարբերաբար ռոք համերգներ են կայանում, աշխարհահռչակ անուններ ժամանում…»,-ասաց նա:
«Արզնի» հանքային ջրերի գործարանի ֆինանսական տնօրեն Հովսեփ Մանուկյանի խոսքով՝ «Ինքս ռոք սիրում եմ, սակայն կազմակերպման նպատակը ամենեւին կապ չունի իմ ռոք սիրելու հետ: Ընդհանուր առմամբ այս ծրագիրը մեզ շատ հետաքրքրեց եւ ոգեւորեց այն առումով, որ բացի նրանից, որ դա մշակութային բավականին խոշոր իրադարձություն է Հայաստանի համար, մյուս առումով էլ ակցիան ընդունելի է մեզ համար, քանի որ ամբողջ եկամուտը ուղղվելու է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգնմանը»:
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է աղետի գոտու ընտանիքներից ոմանց ներկայությունը համերգին, Վ. Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մասին չէին մտածել, բայց մի բան կանեն. «Մեզ զանգողներ շատ կան ոչ միայն աղետի գոտուց… Մենք հատուկ չենք փնտրում նրանց եւ գտնում, եթե զանգում են՝ անպայման ընդառաջում ենք: Գուցե աղետից տուժածներից շատերը չեն սիրում ռոք, ինչո՞ւ նրանց պարտադրենք մեր հրավերը»:
Նշենք, որ տոմսերի արժեքը 10-50 հազար դրամ է: Ըստ Վ. Գրիգորյանի, համերգի հովանավորներ չկան. «Հովանավորները նրանք կլինեն, ովքեր կգնեն տոմսեր. ոչ մի կազմակերպություն ֆինանսապես մեզ չի հովանավորել: Եթե ասում ենք, որ ամբողջ շահույթը տրամադրվելու է բնակֆոնդին, դա չի նշանակում «Uriah heep»-ը հրաժարվել է իր հոնորարից: Միայն համերգից ստացված շահույթն ենք տրամադրելու բնակֆոնդին: Խումբը բարեգործություն չի անում, այլ գալիս է համերգ տալու: Ի դեպ, երեւանյան համերգն ընդգրկված է «Uriah heep»-ի 40-րդ հոբելյանին նվիրված 2009 թվականի համերգային շրջագայության մեջ»: