Պրեմիերա, որ անցավ լեփլեցուն դահլիճում
Հոկտեմբերի 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ «Ես ճայ եմ» մեկ գործողությամբ ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Ա. Չեխովի ծննդյան 150- ամյակին: Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը Հակոբ Ղազանչյանինն է, բեմադրող նկարիչը՝ Անտոն Քեշիշյանը: Ներկայացմանը մասնակցում էին Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնի դերասանները՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի Օլգա Կուզինան (Արկադինա) եւ Յուրի Անպիլոգովը (Տրիգորին):
Հայ-ռուսական այս նախագիծը իրականացվել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Մոսկվայի կառավարությունների աջակցությամբ:
Հակոբ Ղազանչյանը, ում այդ օրը՝ ծննդյան 50-ամյակի ու թատերական կյանքում ունեցած ներդրումների համար հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, տեղեկացրեց, որ առաջիկայում «Ես ճայ եմ» ներկայացումը «կմեկնի» նաեւ Մոսկվա:
Փաստենք, որ Չեխովի հայտնի գործի ղազանչյանական մեկնաբանությունը, իրոք, ինքնատիպ էր՝ նոր լուծումներով, դերասանների խաղը եւս տպավորիչ էր, հատկապես Օլգա Կուզինայինը:
Բեմադրության սկզբում հերոսուհին՝ Արկադինան նստած է հաշմանդամի սայլակում, նրան ուղեկցում է Տրիգորինը, որը ստիպված է դիմանալ կնոջ չափից շատ զգացմունքայնությանն ու տարիքի հետ հասակ առած խանդին:
Բեմադրությունն այնպես էր կառուցված, որ բեմում իրար էին խառնվում իրականն ու Արկադինայի երեւակայության արդյունքը: Այն, ինչ չէր խոսվում, ներկայացվում էր վիդեոկադրերի կամ «վարագույրից» այն կողմ գտնվող հերոսի ստվերի շարժումների միջոցով, շեշտվում ճիշտ ընտրված երաժշտությամբ: Բեմադրությունն արված էր Չեխովի «Ճայի» հիման վրա, բայց օգտագործված էին կտորներ Ա. Դյումա կրտսերի «Քամելիազարդ տիկինը» վեպից, մասնավորապես Մարգարիտ Գոթիեի՝ սիրեցյալ Արմանին ուղղված նամակից:
Դաժան բան է ծերությունը, էլ ավելի դաժան՝ չիրականացած երազներն ու չբավարարված Էգոն, հատկապես այն դեպքում, երբ դա վերաբերում է մեծ ամբիցիաներ ունեցող կնոջը: Հակոբ Ղազանչյանի «Ես ճայ եմ» նորարարական աշխատանքը կարողացավ հուզել հանդիսատեսին, որը բաղկացած էր հայաստանյան եւ ռուսաստանյան թատերական աշխարհի մարդկանցից: Իսկ նրանցից «բրավորներ» կորզելը, թերեւս, այնքան էլ հեշտ չէ:
Ներկա էր նաեւ Մոսկվայի Չեխովյան փառատոնի գլխավոր տնօրենը, որն անչափ ազդված էր մեծանուն գրողի արվեստի հանդեպ նման ձեռնարկով մատուցված հարգանքի տուրքից: ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն էլ կատակով ասաց, որ օրենքով Հակոբ Ղազանչյանին պիտի շնորհավորեր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը, բայց դա չի կարող տեղի ունենալ, քանի որ տվյալ դեպքում միության նախագահը ինքը՝ Հակոբ Ղազանչյանն է, որը նաեւ տաղանդավոր ռեժիսոր է ու թատրոնի ղեկավար: