Ուկրաինայի ինքնահռչակ թագավոր Օրեստ Առաջինը որոշել է այլմոլորակայիններ հրավիրել՝ երկրում ճգնաժամի դեմ պայքարելու համար, եւ այդ նպատակով նրանց հետ արդեն շփում է հաստատել: «Reuters»-ի փոխանցմամբ, իրեն միապետ հայտարարած Օրեստ Կարելին-Ռոմանիշինը այցելել է Զապորոժիե, որը, ուֆոլոգների ասելով, չհայտնաբերված թռչող օբյեկտների անոմալ գոտի է: Աղբյուրի մատուցմամբ, տեղի ուֆոլոգիական գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կանյուկը թագավորին օգնել է շփվել այլմոլորակայինների հետ՝ հենց նորին գերազանցության վրանի մոտ: «Այն բանից հետո, երբ ՉԹՕ-ն անհետացավ վրանի մոտ, որտեղ քնած էր թագավորը, հայտնվեց մի կին: Եվ, իրապես, ակնհայտորեն տեղի ունեցավ շփում, որովհետեւ այդ կինն անմիջապես սկսեց խոսել թագավորի հետ: Ես ցնցված էի»,- ասել է կազակ-ուֆոլոգը՝ որպես ասվածի ապացույց ներկայացնելով այլմոլորակայինի լուսանկարը: Հիմա Օրեստ Առաջինը վստահ է, որ հենց այլմոլորակայիններն են փրկելու բազմաչարչար Ուկրաինան, որը տնտեսական ճգնաժամի պայմաններում պատրաստվում է նախագահական ընտրությունների: «Ես գիտեմ, որ եթե պատգամավորները չկարողանան կարգուկանոն հաստատել այսպիսի հարուստ երկրում, ապա դրանում ինձ՝ որպես թագավորի, կօգնեն այդ էակները»,- հայտարարել է նոր ուֆոլոգիական արշավի պատրաստվող թագավորը: