Հոկտեմբերի 13-ին Չինաստանում տեղի է ունենալու ռուս-չինական տնտեսական ֆորում, որի շրջանակներում նախատեսված է նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը՝ Չինաստան: Այցի ընթացքում Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են ավելի քան 5,5 մլրդ դոլար արժողությամբ նախագծերի շուրջ համաձայնագրեր ստորագրել: «Reuters»-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը: Նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն էներգետիկայի, ֆինանսների, շինարարության, հանքավայրերի յուրացման, հեռահաղորդակցության, ավիացիայի ոլորտներին վերաբերող 38 համաձայնագիր: Ստորագրման համար պատրաստ փաստաթղթերի թվում է նաեւ Չինաստանի զարգացման պետական բանկի կողմից ռուսական «Վնեշէկոնոմբանկին» 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը: