Էներգետիկ հետազոտությունների բրիտանական խորհրդի տվյալներով, «էժան նավթի» դարը մոտենում է իր ավարտին: Խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, ներկայումս աշխարհում գոյություն ունեցող 10 խոշորագույն նավթահանքերը սպառվում են: «BBC»-ի փոխանցմամբ, զեկույցի հեղինակները կանխատեսել են, որ մինչեւ 2020 թվականը նավթի արդյունահանումն աշխարհում կհասնի իր գագաթնակետին եւ կսկսի անկում ապրել: Հետազոտողները վստահ են նաեւ, որ բոլոր հանքավայրերը, որտեղ նավթի արդյունահանումը համեմատաբար դյուրին է, արդեն շահագործվում են, եւ սա այն դեպքում, երբ նոր պաշարները պահանջում են նավթարդյունահանման ավելի բարդ եւ թանկարժեք միջոցներ: «Որպեսզի 2030 թվականին հնարավոր լինի խուսափել նավթի արդյունահանման անկումից, պետք է ներկայումս շահագործվող հանքավայրերի 2/3-ից ավելին փոխարինվի նորերով»,- ասված է զեկույցում: