Լրահոս
Օրվա լրահոսը

Քիշնեւում տեղի կունենա ԱՊՀ-ի թաղման արարողությունը

Հոկտեմբեր 09,2009 00:00

Ուրբաթ օրը Քիշնեւում տեղի ունենալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը փորձագետներն արդեն որակել են որպես՝ «Համագործակցության թաղման» արարողություն: Բանն այն է, որ ինչպես փոխանցում է «Независимая газета»-ն, միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել են Կենտրոնական Ասիայի միանգամից չորս երկրների նախագահներ: Ռուսական պարբերականի գնահատմամբ, դրանից ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի ազդեցությունը այս տարածաշրջանում ընկնում է եւ ԱՊՀ երկրներն արդեն ավելի մեծ հաճույքով են իրենց հայացքն ուղղում դեպի ԱՄՆ եւ Եվրամիություն:

Գագաթաժողովին չեն մասնակցելու Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւն ու Իսլամ Քարիմովը: Բացի այս, պարբերականի փոխանցմամբ, պաշտոնապես հաստատված չէ նաեւ գագաթաժողովին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի մասնակցությունը: «Եթե ԱՊՀ գագաթաժողովին չեն մասնակցում ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք Ռուսաստանի ամենակենսունակ գործընկերներն են, ապա կարելի է խոսել Համագործակցության թաղման մասին»,- ասել է Գերմանական խորհրդի արտաքին քաղաքականության՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Ռառը: Նրա մատուցմամբ, Կենտրոնական Ասիայի հիշյալ չորս պետություններն էլ, ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրները, առիթներ ունեցել են Ռուսաստանից վիրավորված լինելու եւ իրենց հայացքը դեպի Արեւմուտք ուղղելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել