«Reuters»-ի փոխանցմամբ, Իտալիայի սահմանադրական դատարանը որոշում է ընդունել երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին զրկել քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից: Դատարանի որոշման մեջ ասված է, որ պետական պաշտոնյաների համար անձեռնմխելիություն սահմանող օրենքը հակասում է երկրի Սահմանադրությանը, քանի որ խախտում է օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքը: Բացի այդ, դատարանը շեշտել է, որ, այսպես կոչված, «Ալֆանոյի օրենքը» ընդունվել է խախտումներով, քանի որ այն արժանացել է միայն խորհրդարանի հավանությանը, թեեւ պետք է ընդունվեր որպես սահմանադրական փոփոխություն: Բեռլուսկոնին անմիջապես արձագանքել է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ այն համարելով «ձախերի» կողմից կազմակերպված դավադրություն: «Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է, բայց մենք չենք հանձնվի: Իմ դեմ հարուցված դատական գործերը ֆարս են: Կեցցե՛ Իտալիան, կեցցե՛ Բեռլուսկոնին»,- բռունցքը պարզած՝ հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք, որ «Ալֆանոյի օրենքը» առաջին օրինագծերից մեկն էր, որն Իտալիայի խորհրդարանում ընդունվել էր անցյալ տարի՝ վարչապետի պաշտոնում Բեռլուսկոնիի ընտրվելուց հետո: Հենց այդ օրենքը հիմք ընդունելով էլ կասեցվել էին Բեռլուսկոնիի դեմ հարուցված միանգամից մի քանի գործեր՝ խորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձի, կեղծ ցուցունքներ տալու դիմաց կաշառքի, ֆինանսական մեքենայությունների եւ այլ մեղադրանքներով: