Այսօր ԵՊՀ-ում կկայանա «Այբ» կրթական հիմնադրամի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ ծրագրի՝ «MIT OpenCourseWare հայելային կայքէջի» շնորհանդեսը: Հայելային կայքէջի շնորհիվ աշխարհում ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ MIT-ի բոլոր ուսումնական նյութերը, ներառյալ դասախոսությունների տեսագրություններ ու ձայնագրություններ, հրապարակումներ, հոդվածներ եւ այլն, հասանելի են դարձել Հայաստանի համալսարանների եւ ինստիտուտների ուսանողների ու դասախոսների, ինչպես նաեւ դպրոցների բարձր դասարանցիների համար՝ առանց ինտերնետ մտնելու: Բացի դրանից, նախատեսվում է նաեւ աշխարհահռչակ ABBYY ընկերության (Lingvo, FineReader ծրագրեր) հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» ակումբի հիմնադիրների խորհրդի նախագահ Դավիթ Յանի վարպետության դասը՝ «Կրթությունից դեպի հաջողություն. գործարարությունը XXI դարում» թեմայով, որտեղ նա կպատմի իր անձնական փորձի մասին եւ կբացահայտի հաջողության իր գաղտնիքները: Դավիթ Յանը ծնվել է Երեւանում, ավարտել է Երեւանի ֆիզմաթ դպրոցը: 21 տարեկանում Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող Դավիթ Յանը ստեղծեց Lingvo էլեկտրոնային բառարանը՝ առաջին քայլն անելով ՏՏ ոլորտում: Այսօր ABBYY ընկերությունը ոլորտի առաջատարն է աշխարհում, ունի 900 աշխատակից՝ 8 երկրում եւ ավելի քան 30 մլն հաճախորդ՝ 130 երկրում: