Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԱՆՑՅԱԼ

Հոկտեմբեր 09,2009 00:00

Երիտասարդ թուրքագետների ակումբում աշխարհագետ Ռուբեն Գալչյանի դասախոսությունը բացահայտեց մեր հարեւանների իրական դեմքը:

«Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան. կեղծիք եւ իրականություն»՝ այս թեմայով հոկտեմբերի 7-ին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում դասախոսություն կարդաց Լոնդոնից ժամանած աշխարհագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր, չորս գրքերի հեղինակ Ռուբեն Գալչյանը: Նախաձեռնությունն այս տարվա սեպտեմբերին հիմնադրված Երիտասարդ թուրքագետների ակումբինն էր:

Պարոն Գալչյանը մոտ մեկ ժամ տեւած դասախոսության ժամանակ ցույց տվեց Ադրբեջանի իրական դեմքը. հակափաստարկներով վեր հանեց նրա վարած ստի քաղաքականությունը, ուսանողներին տեղեկություններ տվեց Ադրբեջանի իրական պատմության մասին:

Ադրբեջանի հանրապետության ծնունդի մասին պարոն Գալչյանն ասաց. «Այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը ծնվել է 1918-ին, դրանից առաջ այս շրջանում Ադրբեջան գոյություն չուներ: Կար Պարսկաստանի հյուսիս-արեւմտյան նահանգը՝ Ատրպատականը, որը ադրբեջանցիները Ադրբեջան էին կոչում: Ի տարբերություն ներկայիս Ադրբեջանի՝ Ատրպատականը գտնվում է Արաքսի հարավում եւ հիմնվել էր 2000 տարի առաջ՝ կազմելով Մարաստանի մասը… Երբ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը անկախացան, 1918-ին Մուսավաթ կուսակցությունը քաղաքական նպատակներով այդ հանրապետությունը կոչեց Ադրբեջան՝ չնայած նախապես որոշվել էր այն կոչել Կովկասի Հարավ-արեւելյան Հանրապետություն: Այդ ժամանակ հատկապես Թավրիզի պարսիկ մտավորականներն ընդդիմացան, թե ինչ իրավունք ունեն այդ նորաստեղծ պետությունը կոչել իրենց նահանգի անունով, բայց Մուսավաթը հաջողեց իր ծրագրում: Հետագայում պարզ դարձավ, որ այն ուներ քաղաքական նպատակ՝ Պարսկաստանի Ատրպատականը կամ, ադրբեջանցիների խոսքով՝ Ադրբեջանը, միացնել իրենց երկրին»:

Աշխարհագետը ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանցիները ձգտում ունենալ իրենց սեփական մշակույթը՝ տիրանալով ուրիշներին. «Նրանք փաստում են, որ իրենք նույն տեղում նախկինում բնակվող աղվանների ժառանգներն են, որոնք 11-12-րդ դարերում իսլամական՝ արաբական նվաճումներից հետո դարձան մահմեդական: Այսօրվա լեզգիները նրանց մնացորդներն են եւ փոքր մասն ապրում է Ադրբեջանի հյուսիսում եւ ավելի մեծ զանգված՝ Ռուսաստանում: Մի որոշ քանակով քրիստոնյա աղվաններ էլ են մնացել, որոնց ուդի են կոչում, բայց նրանց ադրբեջանցիները երկրից հալածել են, ասելով՝ հայեր են: Այժմ դրանք բնակվում են Վրաստանում: Բայց երբ պետք է քաղաքականապես մոտ հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, ադրբեջանցիներն ասում են. իրենք օգյուստ թուրքերի ժառանգներն են՝ Կենտրոնական Ասիայի ցեղերից»: Աշխարհագետը ներկայացրեց նաեւ հաջորդ սուտը. «Ասում են, որ ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր քրիստոնյա կոթողները կառուցել են աղվանները, ոչ թե հայերը, քանի որ հայերն այդ շրջան եկել են միայն 1828-ին: Բայց ադրբեջանցիները մոռանում են նայել պատմության գրքերը, եվրոպացի ճանապարհորդների թողած տեղեկությունները: Նրանք իրենց թողած նյութերում նույնիսկ խոսել են, որ Նախիջեւանը հայաբնակ շրջան է: Մյուս կողմից էլ ինչպե՞ս կարող են այդ կոթողները աղվանական լինել, եթե նշված շրջանների քրիստոնեական եկեղեցիների 80-90%-ը կառուցվել է 12-17-րդ դարերում, իսկ 12-րդ դարում քրիստոնյա աղվաններ գրեթե չկային, նրանց մեծամասնությունը դարձել էր մահմեդական: Արդյո՞ք մահմեդականացած աղվանները կառուցեցին այդ եկեղեցիները…»:

Պարոն Գալչյանը հիշեցրեց, որ ժամանակին Բաքվում ծնված պատմաբան Բախչիխանովը 1780-ին հեղինակած իր գրքում գրել է իր երկրի պատմությունը՝ այն վերնագրելով «Շիրվանի եւ Դաղստանի պատմություն»: Այստեղ Ադրբեջան անուն չկա, իսկ գրքում խոսվում է այդ շրջանի քաղաքների, նաեւ Ղարաբաղի հայերի մասին: Այդ գիրքը թարգմանվել է ադրբեջաներեն, բայց այդ տարբերակում հայերին վերաբերող գլուխները հանված են, հայերի փոխարեն գրված են՝ ալբանացիներ, աղվաններ: Հայերի՝ տվյալ շրջանում արդեն հազարամյակներ բնակվելու փաստն է ապացուցում Լոնդոնի համալսարանի՝ վերջին տարիներին կատարած հետազոտությունը: Պարոն Գալչյանը ներկայացրեց. «Համալսարանը գենետիկական հետազոտություններ է անում՝ հիմնվելով ԴՆԹ-ի վրա, որով ցույց է տալիս, թե տվյալ ժողովրդի գենետիկական ֆոնդն ինչպես է փոխվել եւ հետեւաբար այդ ժողովուրդը որքան է ապրել տվյալ տարածքում: Ուսումնասիրվել է Սյունիքի եւ Ղարաբաղի հայությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տարածքում ապրող հայերի առնվազն 25%-ն արդեն 40 հազար տարի ապրում է տվյալ տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի կառավարությունն արգելել է իրենց երկրում նման հետազոտություն անել»:

Աշխարհագետը ցույց տվեց Ալիեւ հիմնադրամի աջակցությամբ հրատարակված մի շարք գրքեր, որտեղ ադրբեջանցիները հայկական հուշարձաններն ու տարածքներն իրենցով են անում: Այդ գրքերն անվճար բաժանվում են բոլորին, հատկապես՝ եվրոպացիներին: Իսկ գրքերի հեղինակները ոչ թե անհատներ են, այլ, ոչ ավել, ոչ պակաս՝ երկրի նախարարությունները: Օրինակ՝ դրանցից մեկը վերնագրված է «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները», որի առաջին էջում կարելի է տեսնել ՀՀ-ի քարտեզը, իսկ ներքեւում ֆրանսերեն գրված է, որ դա օգյուստ թուրքերի հայրենիքն է, որը գրավել են հայերը: Պարոն Գալչյանն ասաց. «Այդ գրքի մեկ օրինակը տվել եմ ՀՀ իշխանություններին, որ փաստերի հիման վրա դիմեն միջազգային դատարան, բայց մինչ այժմ նման դեպք չի գրանցվել»: Մեկ այլ տխրահռչակ գրքում ուրարտական Թեյշեբաինիի ամրոցը ներկայացվում է որպես թուրք-ուրարտական: Աշխարհագետը մտահոգվեց. «Աշխարհի տարբեր երկրների գրադարանները կլցվեն այս գրքերով, նրանք, որ չգիտեն իրականությունը, կգան, կտեսնեն եւ կհավատան, քանի որ մենք չենք խոսում հակառակի մասին»: Ադրբեջանական ստի քաղաքականության արդյունքում նմանատիպ գրքերից մեկում Հռիփսիմեի տաճարը ներկայացված է թուրքական քրիստոնյա տաճար, Խոր Վիրապը կոչվում է թուրքական վանք եւ այլն: Ադրբեջանական զառանցանքներից է այն, որ հայերը ոչնչացնում են իբր «գրավված» տարածքների իսլամական եւ աղվանական մշակութային կոթողները: Պարոն Գալչյանը ներկայացրեց մի ադրբեջանական հրատարակության գիրք, որտեղ սարքած լուսանկարներով ապացուցվում է, որ Համզա Սուլթանի՝ Մելիք Հայկազունի պալատը Բերձորում, Մելիքաշեն գյուղից մի քանի կիլոմետր հյուսիս, Ծիծեռնավանքի մոտ՝ ոչնչացված է, այնինչ, այն կանգուն է եւ ծառայում է որպես հյուրանոցային համալիր: Գրքում տեղադրված է նաեւ Գանձասարի քանդված վիճակում գտնվող պատկերը, որի մակագրությունն ասում է, թե այդ կոթողը կառուցել են աղվանները, իսկ հիմա վերանալու եզրին է… ԼՂՀ-ում երբեւէ եղած ցանկացած մեկը կփաստի, որ Գանձասարը հրաշալի վերանորոգված եւ գործող եկեղեցի է:

Հետո աշխարհագետն անդրադարձավ Ադրբեջանի՝ հայկական կոթողները վերացնելու քաղաքականությանը: Պատմեց, թե ինչպես է Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցին 1868-ի նորոգման ժամանակ զրկվել հայկական արձանագրություններից, վարդագույն ներկվել եւ դարձել համերգասրահ: Մի շարք այլ օրինակներն ամփոփվեցին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացմամբ, որը տեղի ունեցավ տառացիորեն վերջերս, բոլորիս աչքի առաջ: Դասախոսության ավարտից հետո «Առավոտը» պարոն Գալչյանի հետ խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մասին: Աշխարհագետը նշեց. «Դրանք հարաբերություններ չեն, այլ կապիտուլյացիա: Սա եղած պայմանագիր է, պարզապես այժմ հանձնումն է, հանձնում ենք բոլորիս իրավունքները: Ասվում է, որ նախապայմաններ չկան, բայց կա երկու պարբերություն, որն ամբողջությամբ նախապայման է: Եթե ստորագրվի, վաղը, մյուս օրը ՀՀ կառավարությունը պարտադրված կլինի արգելել նույնիսկ ապրիլի 24-ի ցույցը, քանի որ այն հակառակ է պայմանագրի կետերից մեկին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել