Կոչ է անում «Քաղաքական սերնդափոխության ակումբը»
Երեկ «Քաղաքական սերնդափոխության ակումբը» (ՔՍԱ) հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ-Թուրքիա երկու նախաստորագրված արձանագրությունների համազգային քննարկումների ընթացքում «մոտեցումների, գնահատականների, դիրքորոշումների էական տարբերություններ են արձանագրվել»: Արդյունքում, Ակումբը գրում է. «Մտահոգված լինելով լարվածության զգալի աճից, գտնելով, որ ազգային միասնականության պահպանման խնդիրն ամենակարեւորն է, ընդգծելով, որ փոխըմբռնման, հանդուրժողականության, համագործակցության մթնոլորտի ձեւավորման հարցն այլընտրանք չունի եւ միայն կոլեկտիվ, միասնական ջանքերի շնորհիվ մենք կարող ենք մեր ուրույն, մեզ արժանի տեղն ու դերը գրավել, մեր առաքելությունն իրականացնել համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ եւ նվաճել իրավունք՝ պահանջելու հարգել մեր ինքնությունն ու ազատությունները», ինչպես նաեւ այն, որ «անկախ պետականության ամրապնդումը, աշխարհաքաղաքական արդի զարգացումները, ինչպես նաեւ հեռակապի, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների ընձեռած հնարավորությունները բոլոր նպաստավոր պայմաններն են ապահովում ստեղծելու համար ամբողջության մեջ կարգավորվող, կառավարելի համաշխարհային կառույցների միասնական համակարգ իր մայրաքաղաք Հայաստան պետությունով՝ ազգ-կազմակերպություն, որը կարող է արժանին մատուցելով համամարդկայինին ապահովել նաեւ ողջ հայության բնականոն կենսագործունեությունը եւ նպատակասլաց զարգացումը», ՔՍԱ-ն դիմել է հայ ժողովրդին. «Չմոռանալով Հայրենիքի բռնազավթված տարածքների կորստյան ցավը, մեր անմեղ զոհերի սուրբ հիշատակը՝ հաղթահարել բարդույթները եւ ժամանակի ոգուն ընդառաջ, օգտվելով ընձեռված նոր հնարավորություններից, բազմապատկելով ջանքերը ձեւավորել աշխարհասփյուռ, բայց՝ միասնական համազգային կառույցների գործուն համակարգ: Համակարգ, որը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա. 1) Ազգային պատկանելության գիտակցումն առաջին հերթին փոխադարձ օգնության, աջակցության պարտավորություն է, 2) Հայազգիների հարստությունն ու կարողությունները, անկախ բնակության վայրից, համազգային հարստություն են եւ պետք է բազմապատկվեն, 3) Բոլոր հայերի հայրենիք Հայաստան մայրաքաղաք-պետությունը պետք է կարողանա հոգ տանել ինչպես իր արվարձանների՝ մերձավոր հայաբնակ տարածքների, այնպես էլ բոլոր գաղթօջախների համար, պաշտպանել հայազգիների տնտեսական շահերը, նպաստել նրանց ձեռներեցությանը, աջակցել, որ հայրենակիցների մասնակցությամբ աշխարհով մեկ ստեղծվեն տնտեսական հզոր կառույցներ»: Եվ վերջում ամփոփել է. «Նորից դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ չխնայել ջանքերը ազգային միասնականության ամրապնդման համար»: