ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ոչ այնքան հարթ ընթացքը, որի վերաբերյալ տարբեր ուժեր շտապեցին տարբեր եզրակացություններ անել, իրականում ոչ միայն սպասելի էր, այլեւ, ամենայն հավանականությամբ, լիովին հաշվարկված: Սերժ Սարգսյանն այդ այցելությամբ միանգամից մի քանի խնդիր լուծեց, որոնցից, թերեւս, ամենակարեւորն այն էր, որ Սփյուռքի մեր հայրենակիցների զանգվածային բողոքի ու հակազդեցության շնորհիվ ՀՀ նախագահն առաջիկա վճռորոշ փուլում մանեւրելու հնարավորություն ստացավ: Այս իմաստով հատկանշական է, որ Սփյուռքում զանգվածային բողոքի ցուցերը սկսվեցին հենց նախագահի այցելության օրերին, մինչդեռ Արձանագրությունների քննարկման վեցշաբաթյա փուլի առաջին չորս շաբաթների ընթացքում Սփյուռքը, մեծ հաշվով, լուռ էր:
Նույնքան հետաքրքիր է նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի վարքագիծը. 12 քաղաքական կուսակցություններ (որոնց մեծ մասը, ի դեպ, երկրում որեւէ քաղաքական կշիռ չունի, սակայն 12 թիվը դրսի համար կարող է պատկառելի հնչել) որոշեցին ձեւավորել «ազգային ճակատ»՝ երկրի նախագահից պահանջելով «Չստորագրել Արձանագրությունները այժմյան տեսքով, քանի որ դրանք պարունակում են ռեալ վտանգներ, ու իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ»: Եվ այս ամենը՝ Արձանագրությունների ստորագրման նախատեսված ժամկետից ընդամենը մի քանի օր առաջ: Ի դեպ, նաեւ՝ Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ քիշնեւյան հանդիպման նախօրեին:
Արձանագրությունների ստորագրումը գոնե հետաձգելու պահանջով հանդես եկան նաեւ քաղաքական այնպիսի շրջանակներ, որոնք մինչ այդ առավել կոշտ դիրքերից էին խոսում: Մասնավորապես՝ նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանը նախօրեին կարծիք հայտնեց, որ «Նախագահը, չհրաժարվելով անգամ Թուրքիա այցելությունից, կարող է հղում անել Սփյուռքի դիմադրությանը եւ նախապես թայմ աութ վերցնել փաստաթղթերի ստորագրման հարցում: Ապա՝ վերադառնալով կոնֆիդենցիալ հանդիպումների ֆորմատին, բանակցել ավելի ընդունելի փաստաթղթի շուրջ»:
Թե ինչպիսի՞ն կլինի ՀՀ նախագահի որոշումը՝ հայտնի կդառնա առաջիկա օրերին: Նկատենք, սակայն, որ Թուրքիայի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը մի քանի անգամ հայտարարել են Արձանագրությունների ստորագրման կոնկրետ օրը, մինչդեռ ՀՀ նախագահականն ու ԱԳՆ-ն լռում են: Հավանաբար՝ կխոսեն քիշնեւյան հանդիպումից հետո:
Ենթադրենք՝ հայկական կողմը հետաձգի Արձանագրությունների ստորագրումը, ի՞նչ հետեւանքների կհանգեցնի դա:
Ստեփան Սաֆարյան- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ
Եթե հայկական կողմը հետաձգի Արձանագրությունների ստորագրումը, ապա դա ամենեւին չի նշանակի, որ այդ փաստաթղթերի ներկայիս բովանդակության նկատմամբ քաղաքական ուժերի դիրքորոշումները փոխվում են: Հետեւաբար՝ ստորագրման հետաձգումն ընդամենը կարող է ժամանակ տալ հայ հասարակությանն ու Սփյուռքին՝ շատ ավելի լրջորեն քննարկելու եւ հստակ դարձնելու իր դիրքորոշումը, եւ միգուցե նաեւ այդ դեպքում ՀՀ իշխանությունները բավարարեն մեր պահանջը՝ հանրաքվեի դնելով այս Արձանագրությունները:
Ինչ վերաբերում է հետաձգման դեպքում հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքներին, ապա ամեն ինչ, այդ թվում եւ՝ «ոչ»-ի, Հայաստանի իշխանությունների կողմից փաստարկված ներկայացնելու խնդիր է: Վերջին հաշվով, այդ «ոչ»-ի թիվ մեկ փաստարկը տվել է հենց Թուրքիան՝ վերջին շրջանում արված բազմաթիվ անթույլատրելի եւ անարձագանք մնացած իր հայտարարություններով, սկսած ՀՀ-ն օկուպանտ որակելուց, ՄԱԿ-ում մեր հարցը բարձրացնելու սպառնալիքներից, վերջացրած Նախիջեւանում թյուրքալեզու երկրների նախագահների հանդիպման ընթացքում թույլ տրված եւ խրախուսված հայտարարություններից, եւ նախօրեին Ա. Գյուլի կողմից ցեղասպանության հարցը ենթահանձնաժողովում քննարկելու մասին պնդումներից: «Ոչ»-ի երկրորդ փաստարկն այն է, որ որեւէ մեկը չի կարող մեր ժողովրդին մեղադրել ճշմարտության ճանաչման հիմքի վրա հաշտության գործընթաց պահանջելու համար: Աշխարհում չի եղել հաշտության որեւէ գործընթաց, որտեղ շրջանցվել է ճշմարտությունն ու հասարակություններին փորձել են համոզել հրաժարվելու անառարկելի փաստերից: Եվ, վերջապես, «ոչ»-ի երրորդ փաստարկը Հայաստանի եւ Սփյուռքի հայության բացասական կարծիքն է, որն առավել վառ արտահայտվեց Ս. Սարգսյանի սփյուռքյան այցելության ընթացքում, ինչն էլ կարող է պատճառ լինել, որ իշխանություններն այս պետական կարեւորության հարցը դնեն հանրաքվեի: Անշուշտ, այդ դեպքում որոշակի դժգոհություն կլինի, բայց պատմության ընթացքում, հենց նույն ղարաբաղյան խնդրի գործընթացում եղել են բազմաթիվ նահանջներ, որոնց համար որեւէ մեկին, կարծեք թե, չեն կախել կամ գնդակահարել:
Տիգրան Թորոսյան- ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր
Արձանագրությունների ստորագրումը չի հետաձգվի, դա հնարավոր է զուտ տեսականորեն, իսկ գործնականում՝ ոչ: Սերժ Սարգսյանը շատ պարզ հայտարարել է, որ ինքը Սփյուռք չի գնացել այն նպատակով, որ այնտեղի կարծիքների հիման վրա որոշի՝ ստորագրել, թե չստորագրել Արձանագրությունները: Այսինքն, ակնհայտ է, որ նրա դիրքորոշումն այն է, որ Արձանագրությունները պիտի ստորագրվեն: Բացի այդ, իշխանությունները դեռեւս սեպտեմբերի սկզբին կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ Արձանագրություններում փոփոխություններ չեն լինելու եւ դրանք ստորագրվելու են: Վերջ: Մնացածը իրականության հետ կապ չունի:
Սուրեն Զոլյան- քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ
Դա այն հարցը չէ, որ կարելի է հետաձգել: Կան գործընթացներ, եւ մենք այդ գործընթացներից կարող ենք ուշանալ: Մենք տեսնում ենք այդ հարցում գերտերությունների շահագրգռությունն ու նրանց կողմից հղվող լուրջ ազդանշանները, եւ որեւէ մեկը չի սպասի, թե երբ Հայաստանը կհասնի այն աստիճանի, որ իրեն պատրաստ զգա այդ Արձանագրությունների ստորագրման համար: Ավելին, եթե հայկական կողմից հետաձգում լինի, դա մեծ նվեր կլինի Թուրքիային: Որովհետեւ այսօր Թուրքիայի բնակչության մեծամասնությունը դեմ է սահմանի բացմանը՝ առանց ղարաբաղյան հարցի լուծման: Ուստի դա հիանալի հնարավորություն կլինի Թուրքիայի իշխանությունների համար՝ խուսափելու իր խոստումների իրականացումից:
Ինչ վերաբերում է գործընթացի հետաձգմանը՝ Արձանագրություններում փոփոխություններ մտցնելու նպատակով, ապա նման առաջարկ հնչեցնողները կամ խորամանկություն են անում, կամ անտեղյակ են: Որովհետեւ նման փաստաթղթերը կամ ընդունվում են, կամ ամեն ինչ սկսվում է նորից: Այդ գործընթացը կանոնակարգվում է Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիայով: Այսինքն, խոսք չի կարող գնալ փոփոխությունների մասին: Այլ բան, որ հնարավոր են որոշակի վերապահումներ: Վավերացնելով այս կամ այն փաստաթուղթը՝ խորհրդարանը միշտ կարող է անել որոշակի վերապահումներ, որոնք, իհարկե, չպիտի հակասեն փաստաթղթի դրույթներին: Սակայն վերապահումներ անելով՝ ԱԺ-ն կարող է վնասազերծել մեզ համար հնարավոր ոչ բարենպաստ մեկնաբանումները: Օրինակ, մենք կարող ենք վերապահում անել պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ կամ այն մասին, որ փաստաթուղթը համարվում է ուժի մեջ մտած՝ այն դեպքում, եթե Թուրքիան ոչ միայն սահմանը բացի մինչեւ տարեվերջ, այլեւ կայուն երաշխիքներ ստեղծի դրա անխափան աշխատանքի համար: Այդօրինակ ողջամիտ վերապահումները ոչ միայն հնարավոր են, այլեւ՝ պարտադիր: Սակայն մենք պետք է հիշենք, որ անդունդը չի կարելի երկու քայլով անցնել:
Հովհաննես Հովհաննիսյան- ՀԼԿ նախագահ, ՀԱԿ անդամ
Եթե Հայաստանի կողմից գործընթացը հետաձգվի կամ փոփոխություններ մտցվեն այդ Արձանագրությունների մեջ, Հայաստանի իշխանությունները կենթարկվեն շատ լուրջ ճնշումների: Սակայն, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պայմանավորվածություններն այն աստիճանի են, որ բացառվում է Արձանագրությունների չստորագրելը, մանավանդ՝ Հայաստանի կողմից:
Այս սարսափելի գործընթացի հետաձգման, ավելի ճիշտ՝ կանխման միայն մեկ ճանապարհ կա. դա այն է, որ այսօրվա գործող նախագահը հրաժարական տա եւ այդպիսով ստեղծվի նոր քաղաքական իրավիճակ: Ահա այդ դեպքում բոլոր արձանագրություններն ու քաղաքական պայմանավորվածությունները կհետաձգվեն բավական երկար ժամանակով:
Գալուստ Սահակյան- ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ
Կարծում եմ, որ այս ողջ ընթացքում Արձանագրությունների քննարկումների այնպիսի արդյունավետ ընթացքի ականատես եղանք, որ չեմ կարծում, թե այս պահին կարող ենք խոսել ստորագրման հետաձգումների մասին: Սակայն եթե հետաձգումներ լինեն, բնականաբար, գործընթացը կհետաձգվի: Մենք ազգովի վերահաստատեցինք, նաեւ նախագահի Սփյուռք այցելության ընթացքում, որ սահմանների բացումն ընդունելի է մեր ողջ ազգի համար: Ինչ վերաբերում է գործընթացի իրականացման դիվանագիտական նյուանսներին, ապա դրա լիազորությունն ու պատասխանատվությունն այսօրվա իշխանությունների վրա է: Եթե որեւէ կողմից Արձանագրությունների ստորագրումը հետաձգվի, ուրեմն պիտի համարել հետաձգված:
Հ. Գ. ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երկու անգամ մեր հարցն ուշադիր լսելով եւ որոշ ժամանակ մտածելով՝ նախ խոստացավ պատասխանել ավելի ուշ, ապաեւ՝ ձեռնպահ մնաց պատասխանելուց: