Լրահոս
Օրվա լրահոսը

Չստացվեց հեղափոխություն անել

Հոկտեմբեր 09,2009 00:00

Քաղաքացիները ուշ են դիմում

Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններին այս տարվա 8 ամսիների ընթացքում ավելի քան 600 դիմում է ներկայացվել, որոնցից 230-ը ընդունվել է որպես կոռուպցիոն գործ: Դատախազությանն ուղղվել է մոտ 45 դիմում, իսկ դատարաններին ուղղված դիմումների թիվն էլ հասնում է 38-ի:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց գործունեության արդյունքները ներկայացնելով՝ իրավապաշտպան կենտրոնների պատասխանատուները փաստեցին, որ քաղաքացիները իրենց դիմում են այն ժամանակ, երբ գործի բարեհաջող ելքեր այլեւս չկան: Երեւանյան կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն ասաց. «Մեզ դիմած գործերի մեջ քիչ էին հանրային շահերը ներկայացնող գործերը, քաղաքացիները, որպես կանոն, մեզ դիմում են տարբեր ատյաններում գործը ձախողելուց հետո, եւ մենք շատ դեպքերում ոչնչով չենք կարողանում նրանց օգնել»: Տիկին Այվազյանը դժգոհեց հատկապես պետական կառույցների արձագանքից. «Շատ դեպքերում քրեական գործ չի հարուցվում՝ չնայած բավական ակնհայտ է եղել հանցագործության տարրը: Մենք դիմել ենք, որպեսզի դատավորների նկատմամբ հարուցվի կարգապահական վարույթ. նրանց որոշումներում արձանագրել ենք խախտումներ, այստեղ էլ ոչ մի արձագանք չենք ստացել: Ըստ երեւույթին, պետական կառույցները պատրաստ չեն կոռուպցիայի դեմ պայքարին»:

Գյումրու ներկայացուցիչ՝ «Ասպարեզ» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց, որ իրենց կենտրոն դիմած քաղաքացիներին օգնել են հատկապես խորհրդատվական ծառայություններով. «Ես հաշվեցի, որ մեր՝ դատախազություն ուղղած 10 դիմումները հիմնականում հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունների մասին հաղորդումներ են եղել եւ միայն մեկի մասով է, որ դատախազությունը որոշել է քրեական գործ հարուցել, իսկ մնացած դեպքերում, չնայած մեր կարծիքով՝ ծանրակշիռ փաստերին, դատախազությունը եւ իրավապահները մի շարք պատճառներով քրեական գործեր չեն հարուցել կամ գործերը կարճվել են»:

Վանաձորի շահերի պաշտպանության կենտրոնի տնօրեն Արթուր Սաքունցն էլ («Հելսինկյան գրասենյակ»), անդրադառնալով վերջերս հնչած հայտարարություններին, թե վերոնշյալ 3 կենտրոնները «գունավոր հեղափոխություն են անելու», ասաց. «Չստացվեց հեղափոխություն անել: Մենք կոնկրետ փաստերի վրա ախտորոշեցինք համակարգի առանձին գործողությունների եւ մարմինների հիվանդության աստիճանը, սա շատ կարեւոր է, բուժումից առաջ պետք է կարողանալ ճշգրիտ գնահատական տալ»: Վանաձորում տարվա հաջողությունն են համարում ոստիկանների պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի վերաբերյալ ծառայողական քննության անցկացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել