Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը հաղթեց իրավապաշտպանին

Հոկտեմբեր 09,2009 00:00

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ) օրեր առաջ ավարտեց Արմեն Գալստյանի հայցի քննությունը: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Ա. Գալստյանը դատի էր տվել Էդուարդ Հովհաննիսյանին (նա վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» կազմակերպության նախագահն է) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու, դեսպան Սերգեյ Կապինոսին: Նա հայտնել էր, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ 2007թ. ապրիլի 16-ից մինչեւ հուլիսի 2-ը, որպես «Աքիլլեսի» ներկայացուցիչ, խորհրդատվություն է իրականացրել, սակայն աշխատանքի դիմաց չի վճարվել, փոխարենը վճարվել է Էդուարդ Հովհաննիսյանը:

Գումարի չափը, ըստ հայցվորի, կազմել է 700 եվրո: Հայցվորը դատարանում նշել էր, որ Էդուարդ Հովհաննիսյանը նշված ժամանակահատվածում եղել է վատառողջ, գտնվել է հիվանդանոցում:

Ի դեպ, Ա. Գալստյանը դատարանին ներկայացրեց «ԵԱՀԿ հատուկ ծառայության պայմանագրի» օրինակը, որտեղ արձանագրված է, որ պայմանագիրը կնքվել է ԵԱՀԿ-ի եւ մասնագետ Էդուարդ Հովհաննիսյանի միջեւ, քանի որ ԵԱՀԿ-ն ցանկանում է օգտագործել մասնագետի կողմից մատուցված ծառայությունները Կաշառակերության դեմ կենտրոնի համար վերոհիշյալ պայմաններով. «Մասնագետից պահանջվում է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն ԵԱՀԿ պաշտոնական բիզնեսի բոլոր հարցերում»: Դա նշանակում էր, որ պատասխանող Է. Հովհաննիսյանն առանց ԵԱՀԿ նախնական թույլտվության, չի կարող օգտագործել իր ձեռք բերած տեղեկատվությունը մասնավոր շահերի համար:

Դատարանը մասնակի բավարարեց հայցը. հօգուտ Ա. Գալստյանի դատարանը որոշեց Հովհաննիսյանից բռնագանձել 700 եվրո գումարը, իսկ ընդդեմ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի՝ ծառայությունների մատուցման համար գումարի բռնագանձման պահանջի մասին, պահանջը մերժեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել