Ասում է նրանց ժամանակակիցը՝ Լեռնիկ Մելքոնյանը
– Դուք հանրությանը ծանոթ էիք «Կալանավայր» պարբերաթերթից, մասնավորապես՝ «Մարդկային ճակատագրեր. հանցագործ աշխարհի թագադրված արքաները» (2003թ. եւ 2006թ. վերահրատարակված) գրքից: Ինչո՞ւ չի տպագրվում պարբերաթերթը:
– Մինչեւ գրքիս առաջին հատորի լույս տեսնելը՝ տպագրվում էր «Կալանավայրը»:
Թերթի տպագրությունը դադարեցրի 5 տարի առաջ, եւ սկսեցի զբաղվել կալանավորների գրական աշխարհի զարգացման բարեգործական հիմնադրամի աշխատանքներով: Գրքեր եմ հավաքում, իմ գրքերն եմ ուղարկում կալանավայրեր: Բարեգործությունն աստվածահաճո գործ է, իսկ գիրքը՝ կյանքի փորձություն: Ցավոք, այսօր գրքին փոխարինել են նյութական արժեքները, դոլարը հասարակությանը մղել է անտեսանելի բարձունքներ: Փշալարերից այն կողմ գտնվողների համար գիրքն ունի ամոքիչ նշանակություն: Այն ամենահավատարիմ ընկերն է:
Հիմնադրամը նաեւ մթերք ու դեղորայք է ուղարկել կալանավայրեր (ի դեպ, նկատենք, որ այդ դեղամիջոցների մեջ մեծ պահանջարկ են ունեցել կատվախոտի ոգեթուրմը, «Նարինեն», ասպիրինը, ասկոֆենը, անալգինը…- Ռ. Մ.):
– Ի՞նչ միջոցներով էիք օգնում ազատազրկվածներին:
– Հիմնականում ծախսում էի իմ գումարները: Ես վաճառեցի «Գյումրի» ռեստորանս եւ այդ գումարները ներդրեցի ազատազրկվածների գործի մեջ:
Ի դեպ, «Գյումրի» ռեստորանում եղել են աշխարհի մեծերը՝ Ազնավուրը, խորհրդային կուսակցական նոմենկլատուրան՝ Դոլգիխը, Լուկյանովը, Ռիժկովը… Ընկերներ ունեի Ռուսաստանում, նրանք էլ իմանալով, որ գրականությամբ եմ օգնում կալանավորներին՝ նվիրատվություններ էին անում, քաղաքապետարանը նույնպես գրքեր տվեց հիմնադրամին՝ Իսահակյանի գրադարանից:
– Վերջին անգամ ե՞րբ եք եղել մեկուսարաններում:
– Երկու տարի առաջ: Առողջական խնդիրների հետ կապված չեմ գնում այնտեղ:
– Պարոն Մելքոնյան, ինչո՞ւ սկսեցիք հայտնվել մերժվածների փակ աշխարհում:
– Նախ ասեմ, որ ես կալանավայրերում եղել եմ: Առաջին անգամ 1971թ.՝ 27 օրով: Աշխատում էի Արաբկիրի շուկայում՝ մսի «պասաժի» տնօրենն էի: 24 տարեկան էի: Երկրորդ գրքիս մեջ այդ պատմությունը գրելու եմ: Այնտեղ էլ հանդիպեցի «Սիլաչիի Լոլոյի» հետ՝ տեսածս առաջին «օրենքով գողին»: Ծանոթ էի բոլորի հետ՝ Ծիպոյի, Խոյ Ռաֆի, Սվո Ռաֆի, Ասատուրի, Պաշի տղա՝ Լենինականցի Սուրիկի, Դինջի, Հասանի՝ «Դեդի», Ճակոյի, Դքի Նորոյի, Գնդլի, Չիբանիկի…
1989թ. նորից 100 օրով մեկուսացվեցի: Այնտեղ էլ ծանոթացա բազմաթիվ հեղինակությունների հետ: Ի դեպ, նրանց ես դեռ այն տարիներին կնքել էի «պառլամենտի անդամներ»: Լավ ընկերներ էին:
– Ժամանակ ունեի՞ն ընկերություն անելու:
– Ի՞նչ էին անում, որ ժամանակ չունեին:
– Նկատի ունեմ՝ խարդավանքների, «ռազբորկաների» մեջ լինելը:
– Նրանք երբեք խարդավանքների մեջ չեն եղել: Ով ինչ խնդիր ուներ քաղաքում, հանրապետությունից դուրս, դիմում էր նրանց՝ անկախ դիրքից, կուսակցական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից:
Մաքուր տղա էի, ու նրանք էլ մաքուր ընկերություն էին անում ինձ հետ:
– Հիմա կա՞ն «օրենքով գողեր»:
– Իհարկե, կան: Ո՞վ կարող է նրանց արտաքսել: Ես հարգում էի նրանց՝ անշահախնդրորեն:
– Պարոն Մելքոնյան, հեռուստասերիալների «հեղինակությունները» ապահով մարդիկ են, ունեն բանկային հաշիվներ, թիկնազոր: Ճի՞շտ է ներկայացվածը:
– Սերիալների կերպարները գողեր չեն: Բոլոր ժամանակներում, երբ փոփոխություններ են լինում երկրում, այդ տեսակի մարդիկ միշտ առաջ են գալիս:
– Այդ դեպքում, ի՞նչ տարբերություն «օրենքով գողի» եւ «հեղինակության» միջեւ:
– «Օրենքով գողն» ամենատեղեկացվածն է, աչքը կուշտ է: Նա ունի իր կանոնագիրը («Վարքագծի կանոնագիրքը», ինչպես լրագրողները-Ռ.Մ.), նա գլուխ չի խոնարհում պետության ներկայացուցչի, մասնավորապես՝ ոստիկանների առաջ, չի հարստահարում, չի ճկվում, չի շեղվում, ցուցմունք չի տալիս, լրագրողին հարցազրույց չի տալիս… Նրանք լիդերներ են, որոնք մերժված են հասարակության կողմից, իրենց հետաքրքիր ճակատագրերով ու պատմություններով: Ու ես գրում եմ այդ մասին: Հիմնականում իմ ապրած կյանքն է, հուշերս: Ուզածս ձեւով ապրել եմ, ազնիվ, հպարտ:
– Կա՞ն մարդիկ, որոնք հիշողություններ ունեն Ձեր մասին:
– Սոս Պետրոսյանի տղան իմ մոտ է աշխատել, աշխատանքային գրքույկն ինձ մոտ է, դերասան «Պոնչոն» առաջին մկրտությունն ինձ մոտ է ստացել՝ ռեստորանում: Ռուսաստանի պետկրկեսի թատրոնի դերասանները, որոնք հանդես են եկել իմ ռեստորանի բեմում:
– Ձեր տպավորությամբ կամ տեղեկություններով, «նրանք» այսօր բանտերը «նայո՞ւմ» են:
– Ուզում եմ իմանաք, որ հանցագործության տեսակներն են՝ քաղաքական, տնտեսական, քրեական: Դրանով էլ կազմվում է հանցաշխարհը: Ցավալի է, բայց դա իրենց աշխարհն է, դրա մեջ են ոչ միայն խաբեություն անողները, այլեւ մարդիկ, որոնք այլ հայացքներ ունեն: Ու նրանք չեն կարող «չնայել» իրենց աշխարհը:
– Պարոն Մելքոնյան, ե՞րբ կավարտեք երկրորդ գիրքը «արքաների» մասին:
– Գիրքը պատրաստ է, մնում է ներկայացնել տպագրության: