Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու նրա առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի փոքր կենտրոնում երեկ անձամբ են ստուգել, թե ինչպես են ընթանում Էրեբունի-Երեւան տոնի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ վարչության, Երեւանի 2791-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առիթով Հանրապետության հրապարակում տեղադրված բացօթյա բեմահարթակի եւ հարակից լուսային ձեւավորումներն ավարտական փուլում են: Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցում, ինչպես նաեւ փոքր կենտրոնի այլ վայրերում անցկացված է տոնական շքեղ լուսավորություն, իսկ ձեւավորումն արդեն ավարտված է: