Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Ջրվեժի անտառպուրակին՝ ասաց. «400 հա հող ենք հատկացրել այդ անտառպարկին, եւ խոսքը վերաբերում է 24 հա-ին, որը, ըստ մեր քննադատների, անտեղի դուրս է բերվել անտառպարկի սահմաններից եւ հանձնվել է համայնքին: Բոլոր մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք ի կատար ենք ածել կառավարության դեռեւս 1991թ. որոշումը, որի համաձայն 400 հա պետք է տրամադրվեր այդ անտառպարկին: Այս խնդիրը դարձել է հասարակական բուռն քննարկման առարկա: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մենք եւս մեկ անգամ անդրադառնանք այս խնդրին եւ արձագանքենք մեր քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների խնդրանքին: Ուստի ես հանձնարարում եմ իմ խորհրդական Արամ Ղարիբյանին, որպեսզի նա հրավիրի այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ առարկայորեն հասկանանք, թե մեր որոշման որ հատվածն է, որ առաջացնում է նրանց մտահոգությունը»: