Ընկերության տեխնոլոգը վստահեցնում է, որ ոչ մի արհեստական հավելանյութ չեն օգտագործում:
«Առավոտի» 06.10.09-ին տպագրված «Վտան գավոր սնունդը խանութներից չեն հավաքում» հոդվածի առնչությամբ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը «Արարատ» քաղցրավենիքի կոմբինատում սկսել է ուսումնասիրություններ կատարել: Նրանք երեկվանից ստուգում են՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, այս կոմբինատի շենքային պայմանները հիգիենայի չափանիշներին, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ «Առավոտի» հիշյալ հոդվածն այն մասին էր, որ «Արարատ» քաղցրավենիքի կոմբինատը ոչ մաքուր պայմաններում է իր արտադրությունը կազմակերպում, ինչը պարզ էր դարձել իրավապահ մարմինների կատարած նկարահանումներից: Տեսանյութը հեռարձակվել էր մի քանի հեռուստաընկերություններով: Ռեպորտաժից հետո սպառողներ էին դիմում մեր խմբագրություն՝ մտահոգություն հայտնելով, թե ինչո՞ւ է «Արարատի» արտադրանքը շարունակում խանութներում վաճառվել: Նշել էինք նաեւ, որ այս ընկերությունից պարզաբանումներ չէինք կարողացել ստանալ, քանի որ նրանց հեռախոսահամարները գոյություն չունեին: Հոդվածից հետո «Արարատի» տնօրինությունը «հասանելի» դարձավ եւ մենք այցելեցինք քաղցրավենիքի արտադրամաս, որտեղ էին նաեւ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շենգավիթի ստորաբաժանման տարածքային պետ Գայանե Անտոնյանը եւ բժիշկ-հիգիենիստը:
Շրջայցի ժամանակ Գայանե Անտոնյանը նկատեց, որ պատուհաններին եւ տարածքը լուսավորող լամպերի վրա ցանցեր չկան, ինչպես նաեւ զուգարանում հեղուկ օճառի փոխարեն սովորական օճառ է դրված: Նա ասաց նաեւ, որ այս տարի հաստատվել է հանրային զուգարանների նորմը, ըստ որի՝ բոլոր արտադրամասերի զուգարաններում պետք է լինի էլեկտրական սրբիչ, հեղուկ օճառ, տաք եւ սառը հոսող ջուր. «Զուգարան մտնելիս էլ աշխատակիցները պետք է խալաթները հանեն»:
Գ. Անտոնյանը ողջունեց, որ արտադրամասի հանդերձարանում գտնվող զուգարանի դռան վրա գրված էր՝ «խալաթները հանեք»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ակնհայտ է՝ «Արարատի» մասին հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութը չի համապատասխանում իրականությանը. «Արտադրամասում ուսումնասիրությունները շարունակվելու են առաջիկա 15 օրվա ընթացքում, սակայն այսօրվա իմ շրջայցից կարող եմ ասել, որ այստեղ աղաղակող թերություններ չկային, ինչ էլ որ կար՝ տնօրենը խոստացավ շտկել»:
«Արարատի» տնօրեն Հայկազ Աբրահամյանի ներկայացմամբ էլ՝ հեռուստատեսությամբ ցուցադրված «օպերատիվ նկարահանում» իրականում չի եղել եւ որ ներկայացվածը պարզապես մի հեռուստաընկերության կողմից պատրաստած ռեպորտաժ է եղել. «Այդ ամենը նկարվել է այն ժամանակ, երբ մեզ մոտ վերանորոգման աշխատանքներ էին կատարվում՝ հուլիսի վերջին, երբ արտադրությունը կանգնեցված էր, սակայն ցուցադրվել է սեպտեմբերին»: Ըստ ընկերության տնօրենի. «Արտադրամասում այդ ժամանակ եղել է միայն 1 աշխատակից: Օպերատորը մտել է եւ նկարել է շոկոլադի հետ կապ չունեցող տարածք: Այդտեղ նախկինում լվացվում էին գինու շշերը, իսկ նրանք այդ տեսանյութում ներկայացնում էին, թե այդտեղ շոկոլադ է արտադրվում»: Իսկ թե ինչո՞ւ են 2 ամիս առաջվա կադրերը ցուցադրվում հենց սեպտեմբերին, ընկերության տնօրենի ներկայացմամբ, դա կապված է այս ոլորտում սեզոնի բացմամբ. «Ամռանը շոկոլադ չենք արտադրում»:
Ընկերության տեխնոլոգ Ամալյա Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում խոսելով իրենց արտադրանքի որակի մասին, ասաց. «Ես հին մարդ եմ եւ չեմ ընդունում ոչ մի արհեստական հավելանյութ: Չեմ ընդունում, որովհետեւ պարզ չի դրանց թողած հետեւանքները, դրանք մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ես այս ոլորտում աշխատել եմ 50 տարուց ավելի եւ ուրիշ կերպ չեմ կարող աշխատել, սերուցքային կարագը մինչեւ չեմ փորձում՝ չեմ թողնում օգտագործեն: Հնարավոր է՝ տնօրենն ինձնից դժգոհ է, բայց ես այլ կերպ չեմ կարող աշխատել»:
Նշենք, որ ընկերությունը ՀՀ-ում գրանցված է 1997-ից, 2004 թվականից սկսած էլ՝ իր արտադրանքը ներկայացրել է մի շարք միջազգային ցուցահանդեսների եւ շահել լուրջ մրցանակներ: