Իսկ գյուղացիները կարծում են, որ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը հանգամանալից ստուգում է ու եզրակացություն տալիս:
Արդեն մի քանի տարի է՝ հանրապետության տարբեր մարզերի գյուղատնտեսական նշանակության հողամասերն առանց համապատասխան ուսումնասիրության են պարարտացվում: Ինչը, մասնագետների ներկայացմամբ, կարող է ոչ միայն տվյալ տարածքում աճող բույսերի վրա բացասական ազդեցություն ունենալ, այլեւ նվազեցնել հողի բերրիությունը:
Մինչ հողը պարարտացնելը՝ անհրաժեշտ է այն նախապես ուսումնասիրել եւ պարզել, թե, ասենք՝ 1000 հեկտար վարելահողին կոնկրետ ի՞նչ տեսակի եւ որքա՞ն պարարտանյութ է հարկավոր:
Այսօր մշակվող հողատարածքների ուսումնասիրությունը կատարում է գյուղատնտեսության նախարարության «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը, սակայն ընկերության արդեն նախկին աշխատակիցների վստահեցմամբ՝ այդ հիմնարկը պարզապես «փող լվանալու» տեղ է, քանի որ իրականում հիմնարկի ղեկավարությունը գումար չի ծախսում եւ ոչ մի ուսումնասիրություն էլ չի կատարում, բայց գյուղապետարաններին կեղծ հանձնարարականներ են տալիս, թե որտեղ, որքան եւ ինչ պարարտանյութ տան:
Աշխատակիցների պատմելով՝ 2006թ.-ից, ինչ «Ագրոքիմիական ծառայության» տնօրեն է Վաչագան Դավթյանը, այդ հիմնարկից անհետանում են վառելիքից սկսած մինչեւ թանկարժեք սարքավորումներ, անգամ գորգ. «Դրանք դեռ ոչինչ, բայց որ գյուղացիներին խաբում են ու սուտ թվեր տալիս, թե՝ ձեր հողամասում այսինչ պարարտանյութն է պետք եւ այսքան քանակի, դա արդեն ստորություն է: 170 տնտեսությունների հետ պայմանագիր կա, որ պետք է մասնագետները գնան, ամեն մի հողակտորից՝ խաղողի այգիներից, ցորենի արտից, այլ մշակաբույսերի հողամասերից որոշակի քանակության հող վերցնեն, բերեն լաբորատորիա, ուսումնասիրեն, որից հետո տվյալ համայնքի համար կազմեն քարտեզ ու համապատասխան փաստաթուղթ, որտեղ նշված պետք է լինի պարարտանյութի տեսակն ու քանակը՝ ում որքան է անհրաժեշտ: Իսկ այդ մասնագետները հողերը բերում են մի հողատարածքից, բայց ցուցումներ տալիս տարբեր մշակաբույսերի համար: Գավառի գյուղերի հողերը առանց լաբորատոր ուսումնասիրության՝ քարտեզներն ու հանձնարարականը ուղարկել է: Խեղճ գյուղացիք էլ չգիտեն, թե գլխներին ինչ են սարքում, ոնց պատահի՝ պարարտանյութ են տալիս հողերին, հետո էլ վատ արդյունքների դեպքում դժգոհում, որ ժամկետանց պարարտանյութ էր: Բացի այն, որ տնօրենը մարդ չի գործուղում մարզեր, դեռ մի բան էլ գործուղման հասանելիք վառելիքի գումարն է դնում գրպանը: Գործուղման գումարների 90%-ն էլ իր գրպանն է դնում»:
Ըստ աշխատակիցների, Վ. Դավթյանը «հնարամտություն է ցուցաբերել» եւ լաբորատորիայի թանկարժեք ու նոր սարքավորումները, որոնցով պետք է հետազոտություններ կատարեն, փաստաթղթերով ներկայացրել է անպիտան ու դուրս գրել, շուրջ 7 մլն դրամի: Սրանով, իհարկե, գործը չի ավարտվել, պարոն Դավթյանը այդ «հնամաշ» սարքավորումները վաճառել է եւ մի քանի հազար դոլար դրել սեփական գրպանը: Եվ քանի որ լաբորատորիային ինչ-որ սարքավորում, այնուամենայնիվ, պետք էր, տնօրենը իր տանը եղած հնամաշ ու անորակ սարքավորումները $1400 դոլարով վաճառել է հենց իր հիմնարկի վրա եւ այդ գումարը կրկին դրել սեփական գրպանը:
«Ագրոքիմիական ծառայության» տնօրենը, աշխատակիցների պնդմամբ, մի քանի համայնքների ագրոքիմիկներին ազատել է աշխատանքից՝ առանց որեւէ հիմնավորման. «Վերջում մնալու են ինքը, քարտուղարուհին ու հաշվապահը: Իր ծանոթ-բարեկամներին է ընդունել աշխատանքի, որոնք ամիսներով չեն երեւում, բայց աշխատավարձը փոխանցվում է, ու հենց տնօրենն էլ ստանում է այդ փողը: Չնայած՝ որ փաստաթղթերը ստուգվեն, ամեն ինչ իդեալական վիճակում է»:
Ըստ աշխատակիցների, տնօրենը հիմնարկության հաշվեկշռում եղած «Ռենո» եւ «ՈՒԱԶ» ավտոմեքենաները հիմնարկի բյուջեով վերանորոգել է, բայց դրանք ընկերությանը չեն ծառայում, այլ սեփական տան բակում կանգնած են: Եվ որպեսզի ՊՈԱԿ-ի տնօրենը հարմարավետ պայմաններով մեկնի գործուղումների կամ երթեւեկի, կրկին հիմնարկի հաշվին 20 մլն դրամով «Նիսսան-Տիդա» ավտոմեքենա է գնել, այն դեպքում, երբ կառավարությունը ճգնաժամի պատճառով հրահանգել էր բոլոր պետական հիմնարկներին՝ ծախսերը կրճատել:
Նշենք, որ Վ. Դավթյանը «Ագրոքիմիական ծառայության» տնօրեն է նշանակվել նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի օրոք: Վ. Դավթյանն էլ դաշնակցական է եւ հիմնարկի հաշվին «լավություններ» է անում բյուրոյին: Ըստ աշխատակիցների, վերջերս էլ ընկերության փողերով բազկաթոռներ եւ բազմոց է գնել, սակայն այդ կահույքը հիմնարկությունում չի երեւացել: Երբ աշխատակիցները հետաքրքրվել են, թե ո՞ւր է կահույքը, տնօրենն ասել է՝ ուղարկել եմ գերագույն մարմնին:
Գյուղատնտեսության նախարարությունից «Առավոտին» վստահեցրին, որ խնդրի կապակցությամբ հանձնաժողով է ստեղծվել եւ ուսումնասիրությունից հետո առաջիկայում կպատասխանեն: Ընկերության տնօրեն Վ. Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախարարը տեղյակ է, որ բողոքներ են լինում: Այսօր էլ նախարարը զանգեց ինձ ու ասաց, որ թերթին են դիմել: Այդ ամենը հերյուրանք է»: Նա ասաց, որ քաղաքում չէ եւ որ վերադառնալուն պես կպատասխանի իր դեմ ուղղված մեղադրանքներին: