Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների բոնուսների համար պահանջվող գումարները շատ ավելի են, քան նախատեսվել էր դրանց տրամադրման համար, երեկ կառավարությունում որոշվել է փոփոխել դրանց տրամադրման կարգը:
Սահմանվել է, որ ՀՀ տարածքում ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերող ֆիզիկական անձը 2010-ի հունվարի 1-ից բոնուս ստանալու համար կարող է կազմել եւ ներկայացնել հիսունից մինչեւ հինգ հարյուր կտրոն պարունակող խմբաքանակ, որոնց գործարքների ընդհանուր արժեքների հանրագումարը չպետք է պակաս լինի հարյուր հազար դրամից: Բոնուսը տրամադրվելու է ներկայացված կտրոնների վրա ֆիքսված ընդհանուր գումարի 1%-ի չափով: Բացի այդ, 2010-ի հունվարի 1-ից կկիրառվեն սահմանափակումներ, մասնավորապես՝ առանձին գործունեության տեսակների համար կիրառվող ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուս չի տրամադրվի: Սահմանափակումները վերաբերում են հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներին, կապի բնագավառում միջնորդական գործունեությանը եւ կրթության ոլորտին: Երկրորդ նորամուծությունն այն է, որ բոնուս է տրամադրվելու միայն այն կտրոնների դիմաց, որոնք ստացվել են շահութահարկ վճարողներից: Հաստատագրված վճարում իրականացնող որոշակի ոլորտներ ստանալու են այլ տիպի ՀԴՄ կտրոններ, որոնք մասնակցելու են միայն վիճակախաղին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկում է ընդունել «համարձակ որոշում» եւ 4-րդ եռամսյակում ընդհանրապես չիրականացնել բոնուսների տրամադրում. «Այս գործընթացը սառեցնենք մեկ եռամսյակով, քանի որ բացահայտված թերությունները, խախտումներն ու բարդությունները պետությունից պահանջում են նախապատրաստական լուրջ աշխատանք»:
Նիստում որոշվել է նաեւ «Շամբ բիզնես» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2012-ի սեպտեմբերի 10-ը:
Հիշեցնենք, որ նույն խնդրանքով կառավարությանն էր դիմել նաեւ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը, սակայն մերժում էր ստացել:
«Հակամենաշնորհային մրցակցության հոտ է գալիս»
Հոկտեմբերի 6-8-ը Երեւանում կազմակերպված ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի շրջանակներում ստեղծվել է հետազոտական հատուկ շտաբ՝ ավիացիոն փոխադրումների շուկան ուսումնասիրելու համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նիստի աշխատանքներն ամփոփելով՝ այս մասին տեղեկացրեց ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը: Նրա համոզմամբ. «Պետք է վերանայել 90-ականների միջպետական պայմանագրերը, որոնք նպաստում են ոլորտի մենաշնորհացմանը»: Այս առիթով էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ասաց. «Մենք հիմա բարձրացրել ենք խնդիրը, քանի որ 3 ռուսական ավիաընկերություն է աշխատում եւ մեկ հայկական, բայց գների մեջ տատանումները շատ փոքր են՝ կախված ինքնաթիռի տեսակից եւ ծախսվող վառելիքից, ուղեւորահոսքերի քանակից: Մենք հակամրցակցային համաձայնության հոտ ենք առնում, կուսումնասիրենք եւ կպարզենք, թե ինչ սահմաններում են աշխատում»: Պարոն Արտեմեւն ասաց նաեւ, որ հատուկ շտաբն ուսումնասիրելու է նաեւ հեռահաղորդակցությունների շուկան. «Մեր երկրներում ռոումինգի գները 3-6 անգամ բարձր են, քան Եվրոպայում: Մենք հիմա աշխատում ենք հակամենաշնորհային օրենսդրական խախտումների դեմ պայքարում՝ փորձի փոխանակման ուղղությամբ»:
Պարոն Շահնազարյանը, ներկայացնելով իր մտահոգությունները այս կամ այն ոլորտում մենաշնորհային առավելությունը շահագործելու վերաբերյալ, ասաց, որ կարծում է՝ հատկապես ցորենի մշակման մենաշնորհային կարգավիճակ ունեցողները կարող է չարաշահումներ թույլ տան, ինչը, նրա կարծիքով, կազդի նաեւ գնային քաղաքականության վրա. «Մենք էլ ենք Ռուսաստանից հիմնականում ձեռք բերում ցորենը, մենք կմիանանք այդ համատեղ քննարկմանը, որ սկզբնական գներին տեղյակ լինենք»: