Պետական գերատեսչությունները պետք է խուսափեն աջուձախ ծախսերից, որպեսզի հաջորդ տարի կարողանան մի կերպ ծայրը ծայրին հասցնել:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի բնորոշմամբ, 2010-ի բյուջեն լինելու է պահպանողական, խնայողական ու հակաճգնաժամային, մի խոսքով՝ այն կհամարվի տնտեսության կայունացման բյուջե, քանի որ, ըստ նախարարի, «հաջորդ տարի կկարողանանք վերջնականապես կայունացնել տնտեսությունը եւ նույնիսկ հիմքեր ստեղծել ապահովելու երկրի կայուն զարգացումը առաջիկա տարիներին»: Այս մասին նախարարը հայտարարեց օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում: Տնտեսության կայունացման, առավել եւս զարգացման կարեւոր պայմաններից մեկը հզոր բյուջեի առկայությունն է, ինչը չի կարելի վերագրել 2010-ի ՀՀ պետբյուջեին, քանի որ այն՝ այս տարվա համեմատությամբ, խիստ խնայողական է լինելու:
Եթե 2009-ի բյուջեն կազմում էր եկամուտների գծով 927,1 մլրդ դրամ, իսկ ծախսային մասով՝ 967,1 մլրդ դրամ, ապա հաջորդ տարվա բյուջեն անհամեմատ պակաս է լինելու. եկամուտների գծով՝ 701,1 մլրդ դրամ, ծախսերի գծով` 884,7 մլրդ դրամ: Այս տարվա 40 մլրդ դրամի փոխարեն՝ հաջորդ տարվա պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 183 մլրդ դրամ։
Հաջորդ տարի բավականին սուղ հատկացումներ են արվել գրեթե բոլոր ոլորտներին:
Ճգնաժամից տուժած տնտեսական ոլորտը թերեւս մյուս տարի եւս ոտքի կանգնելու հնարավորություն չի ունենա, ավելին, այս ոլորտի պատասխանատուները ստիպված կլինեն խիստ խնայողություններ անել՝ ծայրը ծայրին հասցնելու եւ տարին մեծ պարտքերով չփակելու համար: Եթե ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսված էր 11 մլրդ 699 մլն դրամ, ապա հաջորդ տարի՝ ընդամենը 7 մլրդ 705 մլն դրամ: Ուսումնասիրելով բյուջեի նախագիծը, պարզ է դառնում, որ լեռնարդյունահանման, արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում, համենայնդեպս պետության աջակցությամբ, 2010-ին եւս աճ չի գրանցվի: Մոտ 198 մլն դրամի փոխարեն՝ այս ոլորտներին հաջորդ տարի կտրամադրվի ընդամենը 20 մլն դրամ: Մյուսների համեմատությամբ, բավականին ուշադրության է արժանացել տրանսպորտի ոլորտը, որի զարգացման համար կտրամադրվի մոտ 41 մլրդ դրամ, որը թեեւ ավելի քան 14 մլրդ դրամով պակաս է այս տարվանից, սակայն մյուս բնագավառների խղճուկ հատկացումների համեմատությամբ՝ բավականին շռայլ է: Կապի ոլորտին, 479 մլն դրամի փոխարեն, 2010-ին կհատկացվի 400 մլն դրամ:
Հետաքրքիր է, թե ինչ միջոցներով ենք մեր հայրենիքի գեղատեսիլ վայրերը՝ Ջերմուկը, Ծաղկաձորը, Սեւանն ու ողջ Լոռու մարզը դարձնելու զբոսաշրջային կենտրոն, երբ ոլորտի գումարը 263 մլն դրամից դարձել է ընդամենը 23 մլն դրամ, այն էլ այն դեպքում, երբ կառավարության նախորդ նիստում որոշվեց «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում սկսել Ախթալայի վանական համալիրի տարածքում գինեգործության եւ միջնադարյան արվեստի թանգարան հիմնադրումը, Օձուն գյուղում ուղղաթիռային հրապարակի կառուցումն ու Դսեղում հեքիաթների այգի ստեղծումը:
Թերեւս ոլորտի ղեկավարները ստիպված կլինեն հրաժարվել նաեւ Գյումրիի տեխնոպարկի ու էլի շատ հավակնոտ ծրագրերից, քանի որ այդ նպատակների համար գումարները եւս խիստ հաշվարկված են:
Առանձնապես լավ վիճակում չէ նաեւ առողջապահության ոլորտը: Ընդհանուր առմամբ, այս ոլորտին հասանելիք հատկացումները կրճատվել են ավելի քան 11 մլրդ դրամով՝ կազմելով մոտ 53 մլրդ 133 մլն դրամ: Մոր եւ մանկան կենտրոնների կողմից մատուցվող անվճար բուժօգնության համար հաջորդ տարի կտրամադրվի ընդամենը 9 մլրդ 183 մլն դրամ, այս տարվա 9 մլրդ 875 մլն դրամի փոխարեն: Պետական բուժհաստատությունները ստիպված կլինեն հաջորդ տարի միայն ծայրահեղ անհրաժեշտ սարքավորումների վրա գումար ծախսել, քանի որ դրանց ձեռքբերման համար կտրամադրվի մոտ 1 մլրդ դրամով պակաս գումար, քան այս տարի: Կրճատվել են նաեւ ընդհանուր բնույթի բժշկական ծառայությունների համար հատկացված գումարները:
Թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տասնյակ անգամ հայտարարել են, որ ինչքան էլ տեղները նեղվի՝ սոցիալական ոլորտի հատկացումները չեն պակասելու, այնուամենայնիվ, հաշվարկներից հետո պարզվել է, որ մի քիչ էլ այս ոլորտին է պետք «սեղմել»:
Այս տարվա 252 մլրդ 484 մլն դրամի փոխարեն՝ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կկազմեն 242 մլրդ 372 մլն դրամ: Կրճատվել են անաշխատունակության, ծերության եւ վատառողջության համար հատկացված գումարները: Պետական սուղ միջոցներից շրջակա միջավայրի պաշտպանության համար այս տարվա 6 մլրդ 425 մլն դրամի փոխարեն՝ կտրամադրվի ընդամենը 4 մլրդ 865 մլն դրամով: Պաշտպանության համակարգին, այս տարվա 149 մլրդ 612 մլրդ դրամի փոխարեն, 2010-ին կտրվի ընդամենը 116 մլրդ 212 մլն դրամ, հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության եւ դատական ոլորտներին 2009-ին տրված 64 մլրդ 191 մլն դրամը եւս կկրճատվի եւ հաջորդ տարի կկազմի 55 մլրդ 891 մլն դրամ:
Փոխարենը, մյուսների համեմատությամբ, «հարուստ» է քաղաքաշինության ոլորտը: Այս տարվա մոտ 2 մլրդ 690 մլն դրամի փոխարեն, միայն բնակարանային շինարարության համար, կտրամադրվի 10 անգամ շատ գումար՝ 22 մլրդ 250 մլն դրամ: