Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԽ-ն միաձայն հավանություն տվեց

Հոկտեմբեր 09,2009 00:00

«Մենք չպետք է վախենանք մեր ապագային շիտակ եւ համարձակ նայելուց»,- ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը երեկ քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում, միաձայն որոշվել է հավանություն տալ նախաստորագրված արձանագրություններին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ նիստից հետո հրավիրված ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց, որ հանրապետության նախագահը հանգամանալից ներկայացրել է համահայկական ուղեւորության ընթացքում քննարկված բոլոր հարցերը. «Ամփոփելով մեկշաբաթյա քննարկումների ընթացքը՝ անվտանգության խորհրդի նիստում արձանագրվեց, որ Հայաստանը նախաստորագրել է արձանագրությունները՝ հավատարիմ իր հռչակած դիրքորոշմանը, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը համարում է կարեւոր խնդիր, բայց մենք նաեւ հայտարարում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում պահպանվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը որեւէ առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»:

Անդրադառնալով այս խնդրի հետ կապված Սփյուռքում եւ հայրենիքում հնչող տարբեր մտահոգություններին՝ Ա. Բաղդասարյանը հավաստիացրեց, որ բոլոր մարտահրավերները հաշվառվում եւ քննարկվում են: ԱԱԽ աշխատակազմն այսօր լրջորեն զբաղված է այդ խնդիրների ուսումնասիրությամբ. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգընթաց կմշակվի համապատասխան ծրագիր, կիրականացվեն համապատասխան քայլեր, անհանգստանալու ոչինչ չունենք: Այսօր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող գործոն գոյություն չունի»:

Մտահոգությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների ստեղծմամբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցվում է, Ա. Բաղդասարյանն անհիմն համարեց: Ենթահանձնաժողովի ստեղծմամբ հարցը կմիջազգայնացվի, ինչը բխում է մեր ազգային, պետական շահերից: Ենթահանձնաժողովում կարող են ընդգրկվել ոչ միայն հայ եւ թուրք մասնագետներ, այլ նաեւ այլ երկրների մասնագետներ, եւ դա լավ հնարավորություն է՝ մեր ձեռքի տակ եղած բազմաթիվ փաստերն ի ցույց դնելու եւ խոսելու ցեղասպանության հետեւանքների վերացման մասին: «Մենք չպետք է վախենանք խնդիրների մասին խոսելուց. խնդիրների հետ չպետք է կռվել, դրանք պետք է քննարկել եւ լուծել»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը կարեւորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական նշանակությունը՝ շեշտելով, որ դա նոր իրավիճակ է ստեղծում մեր տարածաշրջանում՝ բարձրացնելով Հայաստանի դերը: Հայ-թուրքական հարաբերություններ փաստացի գոյություն ունեն, ուղղակի դրանք պետք է դնել իրավական հիմքերի վրա: «Մենք չպետք է վախենանք մեր ապագային շիտակ եւ համարձակ նայելուց»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա ուղեւորությանը՝ անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է, որ այն խիստ կարեւոր նշանակություն ունեցավ. նախագահը լսեց աշխարհասփյուռ հայության տեսակետը՝ ե՛ւ քննադատություն, ե՛ւ սատարող խոսք, ինչն օգտակար կլինի Հայաստանի հետագա քայլերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել