Արդեն հաղորդել ենք, որ պարզվում է՝ մինչ «Ժառանգության» ՀՅԴ-ի հետ համատեղ գործողությունների մեկնարկի մասին ազդարարելը՝ այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Քանի որ այս հանդիպումները խորհրդապահական են եղել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեր զրույցի ընթացքում չցանկացավ որոշակի մանրամասներ հրապարակել, այլ ընդհանրական ներկայացրեց այդ գործընթացը. «Սեպտեմբերին եղան թե՛ բանավոր զրույցներ, թե՛ նամակագրության փոխանակումներ եւ թե՛ առանձին հանդիպումներ, որոնք միտված էին ընդդիմադիր դաշտն ի մի բերելու ազգային՝ Թուրքիա-Հայաստան արձանագրությունների հեռանկարի եւ ժողովրդավարական խնդիրները մի օրակարգ բերելով, այս հարցերի բարձրաձայնման ու միասնական գործողությունների ձեւաչափ ու ենթահող նախապատրաստելու համար: Հանդիպումներ եղան ընդդիմության գործընկերների ղեկավարների հետ. ցավոք՝ առանձին-առանձին, չի հաջողվել միասին հանդիպել: Բայց հույսս չի մեռնում, եւ հավատացած եմ, որ եթե կա բարի կամք եւ Հայաստանի հեռահար ու կենսական շահի գիտակցում՝ պիտի դուրս գանք պոլեմիկայից, դիմացինի վարքն օգտագործելով որպես պատրվակ՝ սեփական չկամության համար: Եվ ձեւը գտնենք, որ մեկս մյուսի հավատաքննիչը չլինելով՝ այս հարցերը միասին լուծենք»:
Այս պատմության մեջ ուշագրավը նաեւ այն է, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն, ըստ ամենայնի, տեղյակ չի եղել այս գործընթացի մասին: Այդ մասին է վկայում այն, որ սեպտեմբերի 29-ի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչու «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն կարողացան պայմանավորվել համագործակցության շուրջ՝ հայ-թուրքական արձանագրությունները կանխելու շուրջ, իսկ ՀԱԿ-ը՝ ոչ, Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ «Ժառանգությունն» այդ հարցով իրենց չի էլ դիմել: «Այդ պնդումն ամբողջական չէ գոնե իմ մասով»,- հոկտեմբերի 2-ի ասուլիսում նշել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: