Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԸ, ԹՈՒՐՔԸ ԵՎ ՀԱՅԸ

Հոկտեմբեր 09,2009 00:00

Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ.

– Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ մենք միամտաբար մտածում էինք, թե կբերեն: Թերեւս այն պատճառով, որ երբ մենք կայինք, իրենք չկային՝ արեւելքի մեր կողմերում: Տարօրինակը, սակայն, այն է, որ բոլորը խոստում-նամակ են ուղարկում, թե կգանք, բայց չեն գալիս: Ուստի եւ, ես որոշեցի չսպասել այլեւս որեւէ նամակի եւ ինքս նախաձեռնեցի…

– Եվ որովհետեւ այսու ցնցվում են քոչվորական ցեղի պետության ոսկորները զառամ,- շարունակեց Նահապետը,- ու թերեւս, ճշմարիտ է նաեւ այն, որ հայի չափը չափազանցն է, բայց ափսոս, որ ընդամենը հայի եւ հայի միջեւ: Այնինչ թուրքից բացի կան քրդերը, մեր կողքին եւ այսօր մեր պատմական հայրենիքի վրա ապրող, որոնց կերպը մենք պիտի ճանաչենք, քանի որ մեր հարեւաններն են եւ լինելու են այլեւս… Թուրքը անիծված է, բայց խոսքը՝ իմաստուն, ասում են հայերը: Իմ կարծիքով, սակայն, թերեւս թուրքի գործն էլ է իմաստուն իր ու իր ցեղի համար,- շարունակեց Նահապետը,- հայի վերջին խելքը իմը լիներ, ասում է թուրքը, բայց շարունակում է իր գործը եւ մեզ մնում է ընդամենը մեր վերջին խելքը…

Տխուր է, բայց մեր պատմությունն է ու մեր կյանքը: Եվ ելնելով դարերով մեր խաբվածության միջից, մենք այսօր փորձում ենք աշխարհի եւ թուրքի դեմ մեր խելքի եւ գործի տերը լինել եւ սկսել արահետը երկխոսության, քանի որ աշխարհի բոլոր մեծ ճանապարհները սկզբից եղել են արահետներ, իսկ արահետները համարձակ եւ վճռական մարդկանց ոտնահետքերն են, որոնք այնուհետեւ դառնում են մայրուղիներ ցեղերի եւ ազգերի միջեւ, առավել եւս հայի եւ հայի միջեւ, քանի որ մենք բոլորս՝ դրսում, թե ներսում, միեւնույն է՝ մեր արյան ճակատագրով կանգնած ենք Արարատի հայացքի առջեւ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել