Ասում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը
Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է, թե Սերժ Սարգսյանը դա անում է ընդամենը իր պաշտոնը չկորցնելու համար, ու դա է պատճառը, որ նա պատրաստ է արտաքին ճնշումների ներքո ստորագրել Հայաստանի համար ոչ նպաստավոր արձանագրություններ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ալ. Արզումանյանն ասել է, թե Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն ինքը կողմ է, թեեւ վերապահումներ ունի. «Դա անհրաժեշտ է թե՛ Հայաստանին եւ թե՛ Թուրքիային, այլ հարց է, թե այդ սահմանը ինչ նախապայմաններով է բացվում: Այստեղ է, որ ես ունեմ մտահոգություններ»: Ալ. Արզումանյանի կարծիքով, եթե Ս. Սարգսյանը չստորագրի արձանագրությունները, ապա նա ընդամենը կվճարի «իր աթոռի գինը, որը ձեռք է բերվել արյան գնով»:
Արձանագրությունների դեմ ՀՅԴ-ի նախաձեռնած արշավը նախկին նախարարը համարել է «իմիտացիոն գործընթաց», իսկ ՀՅԴ-ի կողմից ԱԳ նախարարի հրաժարականի պահանջի առնչությամբ էլ ասել է, թե «որեւէ տարբերություն չկա՝ Էդվարդ Նալբանդյանին կփոխեն, թե նրա վարորդին»: Նրա դիտարկմամբ, ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, քանի որ 11 տարի շարունակ օգտվում է ոչ լեգիտիմ իշխանությունների կերակրատաշտից: «Օպոզիցիոն դաշտի ելումուտ է. մե՛կ մտնում են, մե՛կ դուրս գալիս, շուտով կլինի արտահերթ ընտրություն, նորից կմտնեն կոալիցիա: Դա ապրելաոճ է, փեշակ: Ցեղասպանության ճանաչումն ու Հայ դատն էլ է նրանց համար փեշակ»,- ասել է Ալ. Արզումանյանը:
Մեկնաբանելով Դաշնակցության եւ «Ժառանգության» պնդումները, թե այս փուլում անիրատեսական է Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջը, նա ասել է, թե դա պարտվողական եւ անընդունելի մոտեցում է, ու հավելել է, թե կասկած անգամ չունի, որ Սերժ Սարգսյանը հեռանալու է մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
ԱԳ նախկին նախարարն անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանի՝ Սփյուռք կատարած այցելություններին, որոնք ուղեկցվել են բողոքի ակցիաներով, ոստիկանների ու ցուցարարների բախումներով: «Ես ցավում եւ ամաչում եմ, որ ՀՀ նախագահը այցելում է օտար երկիր, եւ այդ երկրի բանակն ու ոստիկանությունը նրան պաշտպանում են իր հայրենակիցներից: Ես չեմ հիշում, թե որեւէ երկրի նախագահ նման ամոթալի եւ խայտառակ վիճակում հայտնված լինի»,- հայտարարել է Ալ. Արզումանյանը:
Նրա համոզմամբ, Հայաստանի ճակատագիրն ու հայ-թուրքական սահմանի բացման հարցը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, բայց Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը պարտավոր է լսել Սփյուռքի կարծիքը, քանի որ այդ մարդիկ այսօր աշխարհով մեկ սփռված են հենց Ցեղասպանության հետեւանքով: Կողմ լինելով արձանագրությունների դեմ կազմակերպվող բողոքի ակցիաներին՝ Ալ. Արզումանյանն ափսոսանք է հայտնել, որ տարբեր երկրների հայկական համայնքներ ժամանակին անսկզբունքայնություն ցուցաբերեցին եւ «որեւէ խոսք չասացին այն այլանդակությունների մասին, որոնք տեղի ունեցան 2008 թ. մարտի 1-ին:
Ավելի ցավալի ու վիրավորական էր, որ մարտի 1-ի արյան գնով իշխանության եկած նախագահին ողջունելով՝ մի շարք սփյուռքյան կառույցներ մատ էին թափ տալիս Ադրբեջանի ոչ լեգիտիմ իշխանության վրա: Նույն հայտարարությունների մեջ այս կրկնակի ստանդարտը, անսկզբունքայնությունը անընդունելի էր»: