Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԽՈՐՀԻ

Հոկտեմբեր 09,2009 00:00

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախաստորագրված արձանագրություններում սեփական փոփոխություններն է առաջարկում:

\"\"– Եթե նախկինում միայն Թուրքիայի վարչապետն էր ժխտում ցեղասպանության իրողությունը, ում քաղաքական հայացքները հայտնի են, հիմա նաեւ, արձանագրությունների ստորագրման շեմին, նախագահ Գյուլն է կասկածի տակ առնում այդ փաստը: Ինչպե՞ս սա հասկանալ եւ ի՞նչ եզրակացություններ անել:

– Եթե կասկածի տակ են առնում, ուրեմն երբեւէ ընդունել են. այնպես չէ, որ որեւէ թուրք պաշտոնյա ժխտած լինի, որ Թուրքիայի տարածքում հայերի ցեղասպանություն է կատարվել: Մենք՝ հայերս, պիտի ճկունություն դրսեւորենք եւ տեղի չտանք այդ բառի համար, չնայած այդ բառը շատ կարեւոր է: Մեզ համար դա ցեղասպանություն է. վիճել, պարտադրել չենք ուզում: Դուք ասում եք՝ ողբերգական իրադարձություններ, բարի, հիմա եկեք համատեղ ուժերով դրա հետեւանքները վերացնենք: Նախագահի հետ հանդիպման, խորհրդարանական ունկնդրումների ժամանակ էլ ես ասել եմ, որ ցեղասպանության ճանաչումը ազգային նպատակ չէ: Ցեղասպանության հետեւանքների վերացումը գոնե ԱՄԿ-ի եւ ԱԻՄ-ի նպատակն է եղել: Առաջընթաց կա՝ հիմա այդ կարգախոսն է օգտագործվում: Ես երեկ նախագահին էլ, վարչապետին էլ, ԱԳ նախարարին էլ փոխանցել եմ ԱԻՄ-ի հայտարարությունը, որտեղ նման միտք կա՝ եթե հայկական պետության համար ցեղասպանության հետեւանքների վերացումը ազգային հարց է, ապա ժամանակակից Թուրքիայի համար դա իրավական հարց է՝ անկախ նրանից, թե երեւույթն ինչպես կկոչեն: Դա նաեւ Թուրքիայի հարցն է, որովհետեւ թուրքական պետության քաղաքացիների նկատմամբ է հանցավոր վերաբերմունք դրսեւորվել: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ միասին, նաեւ համայն մարդկության հետ, նվազագույնի հասցնել այդ իրադարձության հետեւանքները:

– Ինչպե՞ս կգնահատեք նախագահի սփյուռքյան այցելությունները՝ նկատի ունենալով, թե ինչպես ընդունեցին ՀՀ նախագահին սփյուռքահայերը:

– Երեւի ավելի շահեկան վիճակում կլիներ ՀՀ նախագահը եւ ավելի գործնական արդյունքներ կլինեին, եթե այս այցելությունները մինչեւ արձանագրությունների հրապարակումը լինեին: Բայց ես, ընդհանրապես, առողջ եմ համարում եւ նախագահի այցելությունը, եւ ընդդիմախոսների դրսեւորումները, չհաշված խուլիգանական արարքները:

– Արդեն, կարծես, հստակ է, որ ամսի 10-11-ին արձանագրությունները ստորագրվելու են. այդ նախաշեմին ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

– Մենք, իսկապես, մեր արցախակենտրոն մտածելակերպից անցում կատարեցինք դեպի հայակենտրոն մտածելակերպի: Ցավոք, թուրքերի թելադրանքով: Բոլոր նրանք, ովքեր այսօր արդարացիորեն կամ ոչ, դեմ են խոսում այդ արձանագրությունների ստորագրմանը, պիտի որ մինչ այսօր հայակենտրոն մոտեցումների դրսեւորումներ ցուցաբերած լինեին: Կոչ ենք անում նախագահին՝ ստորագրել այդ տեքստի տակ՝ առավելագույնս կրճատելով արձանագրությունները՝ թողնել միայն այն, ինչ բխում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ փակված ճանապարհները բացելու հրամայականին: Շատ բաներ կան, որ ԵԽ անդամ լինելով՝ արդեն ընդունել ենք, իսկ դրանց անհարկի կրկնություն-արձանագրություններով Թուրքիային հնարավորություն է տրվելու այսօր իր միակողմանի կատարած քայլերը հետագայում կրկնել՝ արդեն վկայակոչելով արձանագրության որոշակի դրույթներ, այդպիսով մասնակից դարձնելով նաեւ Հայաստանին: Օրինակ, արձանագրությունների երկրորդ կետով խեղվում է Թուրքիայի կողմից ճանապարհները միակողմանի փակած լինելու դատապարտելի իրողությունը: Հանգամանք, որը մենք երբեք չօգտագործեցինք: Ինչպես երբեք չխոսեցինք այն մասին, որ օգտվելով պատմական հանգամանքներից եւ կոմունիստական Ռուսաստանի աջակցությամբ, հայ ժողովրդի անմնացորդ սպանդ է իրականացվել նաեւ նախկին ռուսական կայսրության մաս կազմող հայկական Կարս, Արդահան, Նախիջեւան շրջաններում:

– Բայց, կարծես, փոփոխությունների հնարավորություն չկա:

– Դա կնշանակի՝ ստորագրման հետաձգում: Տեղին կլիներ այս արձանագրությունների ստորագրման հարցում հայկական կողմը զգուշավորություն ցուցաբերեր: Նախագահին փոխանցել ենք այդ փաստաթուղթը, որ ինքնաթիռում ժամանակ ունենա խորհելու:

– Իսկ ՀՅԴ-ի նախաձեռնությանը ինչպե՞ս եք վերաբերվում:

– Մեզ էլ դիմեցին միավորվելու համար. մենք կողմ ենք զգուշավոր մոտեցմանը, բայց այդ փաստաթղթում ստրատեգիա չկար: Այսինքն, երբ ժամանակին մենք ՌԴ դեսպանատան դիմաց ցույցեր էինք անում՝ պահանջելով 21 թվականի պայմանագիրը չեղյալ հայտարարել, Դաշնակցությունն ընդամենը ուսանողների ժողովներ էր կազմակերպում եւ այդ լուրջ, ստրատեգիական քայլին չմիացան: Դաշնակցությունը խոսում է ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին. ճանաչման գործընթացը մեզ համար վաղուց ավարտված փուլ է: Պետականության վերականգնումով մենք սկսեցինք ցեղասպանության հետեւանքների վերացումը, դա պետք է շարունակել: Բայց Դաշնակցության եւ մյուս կուսակցությունների համախումբ հայտարարությունը գործին վնաս չի կարող բերել: Միայն խուլիգանությունը կարող է վնասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել