Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈԼԱՎՈՐ ՇՈՐԵՐ՝ ԲՈԼՈՐ ԳԱՆՁԱԳՈՂԵՐԻՆ

Հոկտեմբեր 09,2009 00:00

ՎՊ-ի բացահայտումներից պատգամավորները այս եզրակացությանը հանգեցին

Խորհրդարանը երեկ շարունակեց քննարկել ՎՊ հաշվետվությունը եւ դրանում ներկայացված բացահայտումները: Ըստ ՎՊ-ի ուսումնասիրությունների՝ պետական տարբեր կարգի չինովնիկներ, մեղմ ասած, «գրպանել» են պետական փողերի զգալի մասը: Վիկտոր Դալլաքյանը գնահատելով ՎՊ-ի զեկույցը եւ դրանում կատարված վերլուծություն-բացահայտումները՝ երեկ հայտարարեց. «Երկու կարեւոր խնդիր կա՝ քաղաքական պատասխանատվության հարցը եւ լոկալ պատասխանատվության հարցը: ՎՊ-ն ձեւավորվում է ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից եւ նրանք պետք է ՎՊ-ի գործունեության հետ կապված լուրջ քայլեր իրականացնեն: Օրինակ, խորհրդարանական լսումներ՝ ՎՊ-ի հաշվետվության հետ կապված, որին հրավիրվեն ՀՀ նախագահը, կառավարությունը, գլխավոր դատախազը, եւ հաշվետվության արդյունքում հանձնարարություն տրվի վարչապետին՝ աշխատանքից ազատել բոլոր այն նախարարներին, որոնք նման չարաշահումներ են կատարել, դատախազին էլ ասվի, որ քրեական գործեր հարուցվեն, եւ համապատասխան մարդիկ հայտնվեն համապատասխան տեղերում, որովհետեւ պետական միջոցները գողացողները պետք է հայտնվեն ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում եւ զոլավոր շորեր հագնեն»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, եթե ՎՊ-ի այս բացահայտումների արդյունքում ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում կամ պաշտոնից չի ազատվում, ապա այս ամենը դառնում է անիմաստ. «Սրա արդյունքում վարկաբեկվում է ամբողջ պետությունը: Իսկ ինչ վերաբերում է զանազան մրցույթներին, տենդերներին եւ այլն, դրանց թիկունքում կանգնած են բարձրաստիճան չինովնիկներ, այդ թվում նաեւ՝ այս դահլիճում գտնվող անձինք»:

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը թեպետ հայտարարեց, որ չի ուզում «շատ գովել ՎՊ-ին», բայց արեց այդ բանը եւ վերջում էլ հարց տվեց. «Եթե մնացած վերահսկողական օրգանները՝ դատախազությունն է, դատարանն է, ՆԳ նախարարությունն է, կարողանան հասնել այդ արդյունքներին, համատեղ ջանքերով մենք կկարողանանք այս սարսափելի արատի դեմ պայքարել եւ հասնել հաջողության»: ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հայտարարեց. «Որեւէ մեկնաբանության չի դիմանում եւ գրեթե անհասկանալի է ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը։ Վերահսկիչ պալատի կողմից փաստվել է 8 մլրդ 82 միլիոնի ֆինանսական խախտում, Գլխավոր դատախազություն են ուղարկվել կասկածներ պարունակող արձանագրություններ եւ ընթացիկ հաշվետվություններ։ Դատախազությունում հարուցվել է ընդամենը 5 քրեական գործ, որից երեքի առնչությամբ քրեական գործի հարուցումը հետագայում մերժվել է, մեկը կցվել է նախապես հարուցված գործին եւ ըստ էության մեկ փաստի առնչությամբ է ընթացք տրվել։ Եվ ինչ, մի կողմից՝ Վերահսկիչ պալատի ներկայացրած տագնապեցնող թվերն ու պատկերը, մյուս կողմից՝ դատախազության դրսեւորած անպատժելիության եւ անհետեւողականության վարքագիծը»: Եվ վերջում հռետորական հարց հնչեցրեց. «Բա էս մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պարտությունների ու համակարգային ձախողումների պայմաններում ինչպե՞ս ենք բացում սահմանը, երբ ներքին պաշտպանական իմունիտետ չունենք»։

Պատգամավորի այս միտքը «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելիս «ծաղկեցրեց» Ստեփան Սաֆարյանը. «Եթե սա է ՀՀ պետական ինստիտուտների գործունեության նկարագիրը, եթե սա է քաղաքական համակարգի նկարագիրը, եթե սա է բազմահազար չինովնիկների նկարագիրը, ինչպես իշխանական թեւը ներկայացնող պատգամավորներն են ներկայացնում, այդ դեպքում այսպիսի ընդունակություններո՞վ ենք մենք գնալու մրցակցության շատ ավելի լուրջ, ավանդույթներ ունեցող պետության՝ Թուրքիայի հետ: Եթե մեր չինովնիկը ի վիճակի է ինքնագլուխ վաճառել հողակտոր՝ ցանկացած գնով, ամենաէժան գներով, եւ եթե նրան ցույց տրվի թուրքական հազարավոր լիրաների պոչերը, ի՞նչ է անելու նա: Եթե այսպիսին է մեր պետական համակարգը, այսպիսին են մեր պաշտոնական անձինք, այսպիսին է մեր քաղաքական համակարգը, ինչպե՞ս ենք մենք հաղթելու այն ռազմաճակատում, որը հետագայում ներկայացվելու է իբրեւ հայ-թուրքական հարաբերություններ»:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը իր եզրափակիչ ելույթում խնդրեց չքաղաքականացնել իր հաշվետվությունը. «Եթե հիշում եք, ես ասացի՝ եկեք քաղաքականությունից դուրս մնանք, որովհետեւ ՎՊ-ն կատարում է աշխատանք, եւ իրեն ավելի շատ գործընկերոջ դերում է ուզում տեսնել, քան պատժող ձեռքի: Մեր աշխատանքները հեռու են քաղաքական որեւէ ենթատեքստից, մենք որեւէ խնդիր չենք դնում, որպեսզի սա հետո դառնա քաղաքական շահարկման առարկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել