Ֆուտբոլի աշխարհի գավաթի համար հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների պաշտոնական հանդիպումը, Հայաստանի պատվիրակության դիմավորման պահից սկսած, լուրջ խնդիրներ է առաջադրել հյուրընկալող կողմին:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ երկրի անվտանգության ծառայությունները եւ շահագրգիռ գերատեսչությունները Հայաստանի մարզական պատվիրակության համար անվտանգության աննախադեպ միջոցառումներ են պատրաստվում իրականացնել:
Մասնավորապես, խստագույն գաղտնիության մեջ են պահվելու մեր ֆուտբոլի հավաքականի ժամանման ու մեկնման օրն ու ժամը, հանգրվանելու վայրը: Այդ օրերին Բուրսայի մարդաշատ վայրերում ոստիկանությունն արգելելու է հակահայկական ուղղվածության ցույցերը, հանրահավաքներն ու երթերը: Իսկ խաղի ժամանակ արգելվելու է հակահայկական կամ մեր արժանապատվությանը դիպչող պաստառներ եւ քարոզչական այլ պարագաներ մտցնել ստադիոն: Թուրքիայի ոստիկանության հաղորդմամբ, անվտանգության կենտրոնացված ուժերը չեն հանդուրժելու ավազակության ու բռնության ցանկացած դրսեւորում, իսկ կարգազանցներն անմիջապես հեռացվելու են ստադիոնից: Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ արգելվելու է նաեւ Ադրբեջանի դրոշների մուտքը ստադիոնի տարածք: