Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիները հետաքրքրված են Հայաստանով

Հոկտեմբեր 08,2009 00:00

Մարդը ինչպիսի մարմին էլ ունենա, պետք է հասկանա, որ ինքն իրենից գանձ է ներկայացնում. համոզված է մարմնի զգացողության պարապմունքներ անցկացնող իտալուհին:

Ոչնչից մի՛ վախեցիր, ազատվի՛ր բարդույթներից, զգա՛ մարմինդ. հայ երիտասարդներին 3 օր շարունակ իր այս խորհուրդներով օգնում է Հայաստան ժամանած ժամանակակից պարի մասնագետ, իտալացի Անջելա Էվանգելիստին: Նա հայ-իտալական «7 զգացողություն» համատեղ ներկայացման շրջանակներում մարմնի զգացողության գործնական դասընթացներ է անցկացնում թատերական եւ այլ բուհերի ուսանողների հետ: Նախագծի հեղինակ, Գեղագիտական ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը կարծում է, որ ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող, ժամանակակից պարը Հայաստանում դեռ ընդգրկուն բնույթ չունի, եւ Անջելա Էվանգելիստիի փորձը օգտակար կլինի հայ դերասանների ու պարողների համար: Անջելան առաջին անգամ Հայաստան է եկել 2006 թվին, նա Հայֆեստի շրջանակներում ցուցադրում էր ներկայության եւ բացակայության մասին իր հետաքրքիր ժամանակակից մենապարը: «Հայերի հետ կապը այնքան ջերմ եղավ, որ նույն պահին մտածեցինք՝ ինչ-որ համագործակցությամբ այն պետք է շարունակվի, 2007-ին նորից Երեւանում էի, այս անգամ արդեն ներկայացումս Հայաստանից ստացած պատկերացումների մասին էր»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Իտալիայից Հայաստան ժամանած հյուրը: 2008-ից «Փոքր թատրոնը» իտալական «Վերսիլիադանցա» մշակութային կենտրոնի հետ համատեղ ստեղծեց «7 զգացողություն» ներկայացումը՝ ներշնչված Գր. Նարեկացու «Մատյան ողբերգությունից», որտեղ հայ դերասանների հետ միասին խաղում է Անջելա Էվանգելիստին եւ մի քանի իտալացի դերասաններ: «Ինձ համար Նարեկացին մոգական, յուրօրինակ հոգեւոր կյանքի վերապրում էր, հատկապես զրույցը, տենդագին երկխոսությունը մարդու եւ Աստծո միջեւ, որը շատ տարբեր է մեր կաթոլիկական եկեղեցու ըմբռնումներից: Հայաստանում զգում ես ճշմարտության ներկայությունը, այժմ ինձ համար շատ դժվար է ապրել Իտալիայում, որն օրեցօր փոփոխվում է: Շատ եմ սիրում իմ հայրենիքը ու հավանաբար այդ սիրուց է, որ չեմ ճանաչում այն, ցավոք, մեզ մոտ մարդիկ սկսել են ավելի քիչ հետաքրքրվել թատրոնով, պարով ու արվեստով»,- անկեղծանում է մեր զրուցակիցը:

Ֆլորենցիայի արվեստի դպրոցում դասավանդող Անջելան, որ նաեւ պարային թերապիայի պարապմունքներ է անցկացնում, նշում է, որ մարմնի զգացողության գործնական դասընթացը հիմնականում նախատեսված է դերասանների ու պարողների համար, իսկ այլ մասնագիտության տեր անձանց համար այն պարզապես օգտակար թերապիա է. «Մարդը ինչպիսի մարմին էլ ունենա, պետք է հասկանա, որ ինքն իրենից գանձ է ներկայացնում, սիրի, ուշադիր լինի իր մարմնի նկատմամբ: Կարեւոր է, որ մարդիկ իրար զգան, որովհետեւ մենք միայնակ չենք ապրում, պետք չէ փակված լինել: Մարմնիդ ներկայությունը գտնելու համար պետք է անընդհատ աշխատել, որը, իհարկե, բարդ է եւ այդ իմաստով մարդիկ թույլ են, բայց ժամանակակից պարը թույլ է տալիս ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական առումով շրջանցել այն խնդիրները, որ մարդ ունի: Մինչեւ 20 տարեկան հասակը ես մտածում էի, որ տաղանդը մեծ նշանակություն ունի, հիմա հասկանում եմ, որ եթե մարմնի վրա աշխատանքը չեղավ, ձեռք բերածդ հեշտությամբ կկորցնես»: Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր արդյունքի հասնելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Լավ կլինի, որ ամեն օր աշխատես, օրական 2 ժամը դա ամենաքիչն է, որ պետք է զբաղվես եւ հետո՝ կարծում եմ, որ պարապմունքները, բացի թերապիայից, նաեւ հաճելի են: Այս օրերի ընթացքում երիտասարդներին սովորեցնում եմ հասկանալ, թե ինչպես օգտագործել մարմնի կշիռը, ծանրությունը, շնչառությունը, որպեսզի լարվածությունը մարմնից դուրս գա, որը դժվար է, բայց եթե քրտնաջան աշխատես, արդյունքի անպայման կհասնես»: Հարցին՝ հայ երիտասարդների հետ աշխատելիս՝ բարդույթները չե՞ն խանգարում, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Բոլորս ունենք կոմպլեքսներ, որոնք, իհարկե, խոչընդոտ են հանդիսանում, ես ամբողջ կյանքում զբաղվել եմ այս մասնագիտությամբ, բայց ինքս էլ երբեմն հուզվածություն, կոմպլեքսներ ունենում եմ, բայց այդ բոլորը ժամանակի ընթացքում վերանում է»: Երեւան ժամանած հյուրը նկատել է, որ հայ կանայք չափազանց շատ են իրենց հետեւում, ինչը մեր զրուցակցի խոսքով՝ երբեմն նաեւ հոգնեցուցիչ է:

Անջելան խոստովանեց նաեւ, որ Իտալիա վերադառնալիս իր լավագույն ընկերների համար որպես նվեր Հայաստանից «Նարեկ» է տանելու, ու ասաց, թե նկատել է, որ վերջերս իտալացիները նույնպես «Մատյան ողբերգությունը» միշտ անկողնու կողքն են դնում: Իսկ հայերի եւ իտալացիների նմանությունների մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Հայերի եւ իտալացիների միջեւ կապ, անշուշտ, կա, հատկապես հարավային իտալացիները շատ նման են հայերին, ինքս դա զգում եմ ու իմ ներսում միշտ փնտրում այդ հարցերի պատասխանները: Ամեն կիրակի գնում եմ պատարագի, բայց կաթոլիկ եկեղեցում ինձ կաշկանդող, ճնշող սահմաններ կան, իսկ Հայաստանում աներեւույթ ուժերի հետ շփումն ավելի ազատ է: Շատ եմ հավանում հայերի քաղաքավարությունը, դուք կարող եք ժպտալ՝ ներսում մեծ ցավ ու հոգս ունենալով…»: Անջելա Էվանգելիստին նաեւ ասաց, որ Ֆլորենցիայում ճանաչում է բազմաթիվ հայերի ու հաճախ է հայկական միջոցառումների հրավեր ստանում: Ըստ նրա, ամեն կերպ փորձելու են Հռոմի հայկական համայնքի հետ համագործակցել, որովհետեւ. «Իտալացիները այժմ սկսել են ավելի շատ հետաքրքրվել հայերով, փորձում են ավելի խորությամբ ճանաչել Հայաստանը՝ հետեւում են թուրքերի հետ կապված խնդրին. Իտալիան այդ իմաստով ավելի մոտ է Հայաստանին, քան Թուրքիային, ես գիտեմ, որ Թուրքիան ուզում է Եվրամիություն մտնել, համոզված եմ՝ առանց Ցեղասպանության ճանաչման՝ Եվրոպան երբեք չի ընդունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել