Ամերիկա-հոլանդական Տրանսվերսալ թատրոնի «Blue shade» ներկայացումը միանշանակ չընկալվեց
Հոկտեմբերի 6-ին «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Տրանսվերսալ թատրոնը (ԱՄՆ/ Հոլանդիա) Տիկնիկայինի բեմում հանդես եկավ «Blue shade» («Երկնագույն ստվեր») դրամատիկ կատակերգությամբ, որ բեմադրել է դրամատուրգ Բրայան Ռեյնոլդսը: Ներկայացումը, որի պրեմիերան կայացել է այս տարվա սեպտեմբերին՝ Ամստերդամում, «բացեցին» մինետ ձեւացնող դերասանն ու դերասանուհին… այնուհետեւ սեքս, կրակոցներ, հայհոյանք, համբուրվող տղամարդիկ, մի քիչ անհամ հումոր, մյուզիքլային որոշ տարրեր … Դերասանները ամեն խաղացվող կտորից հետո ծափեր էին ակնկալում, որոնք այդպես էլ չհնչեցին: Ավելի ճիշտ հնչեցին՝ վերջում… քաղաքավարությունից ու հյուրընկալության կանոններից դրդված: Հա, չմոռանամ նշել, որ այս ամենը Ջո Մաձոնիի կյանքի պատմությամբ եւ իտալա-ամերիկյան մաֆիայի «ֆոնի» վրա… Բայց թե ի՞նչ կարող էր տալ հանդիսատեսին, օրինակ, կրքոտ սեքսի իմիտացիան, ձեռնաշարժությունը կամ տպավորիչ սպանություն ձեւացնելը, դահլիճի մեծամասնության համար «մութ» մնաց: Մի հայ ռեժիսորի՝ դերասանների խաղը դուր էր եկել. ասաց, որ պարտադիր չէ խորը փիլիսոփայական բաներ բեմադրել, օրինակ՝ եվրոպացիների ու ամերիկացիների համար էլ մեր ավանդականն ընդունելի չէ: Կոլեգաներիցս մեկն էլ դժգոհեց, թե տպավորություն ուներ, որ դռան անցքից ինչ-որ մեկի ինտիմ կյանքին է հետեւել: Դահլիճում քրթմնջոցներ էլ հնչեցին, թե էս ինչ հետամնաց հանդիսատես ունենք: Իմ համոզմամբ, ամեն ինչ այլ կլիներ, եթե արվեստով ներկայացվեր, եւ բռնություն ու սեքս ցուցադրելը գերնպատակ չդառնար:
Ներկայացումն այնպես էր կառուցված, որ ձայնագրված ծափերը գոնե ինչ-որ չափով փոխհատուցում էին չհնչածը:
«Դրսում», ասում են, Բրայան Ռեյնոլդսի բեմադրությունները պահանջված են: Ու դա հիմնավորվում է նրանով, որ այս ռեժիսորը համատեղում է բոլոր ոճերն ու ժանրերը՝ սկսած աբստրակտ էքսպրեսիոնիզմից, վերջացրած սյուրռեալիստականով: Հայաստանցիներին «Blue shade»-ն դուր չեկավ եւ պատճառն ամենեւին էլ այն չէր, որ հանդիսատեսն այստեղ հետամնաց է, նորարարությունից վախեցող, հագին ազգային գորգի զարդանախշերով տարազ է, գլխին էլ՝ արծաթե դրամներով գլազարդ: Խնդիրն այն է, որ ցանկացած նորարարություն, հավանաբար, դասականի հիմքի վրա պետք է կառուցված լինի:
Տրանսվերսալ թատրոնը հոլանդացի եւ ամերիկացի արվեստագետների միավորում է, որի հիմնադիր Բրայան Ռեյնոլդսը Կալիֆոռնիայի համալսարաններից մեկի պրոֆեսոր է: Նա նաեւ մշակութային, տնտեսական ու քաղաքական թեմաներով մի շարք աշխատությունների ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Հ. Գ. «Հայֆեստը» միշտ սկանդալային անակնկալներ է մատուցում: Մի քանի տարի առաջ էլ, ֆրանսիացի դերասանները այս փառատոնի շրջանակներում միզեցին «Առնո Բաբաջանյանի» արձանի վրա: