Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԵԼ

Հոկտեմբեր 08,2009 00:00

\"\"
Տիգրան Պետրոսյան եւ Զավեն Անդրիասյան:

\"\"
Արման Փաշիկյան եւ Գաբրիել Սարգսյան:

\"\"
Վլադիմիր Հակոբյան եւ Լեւոն Արոնյան:

Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության երրորդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարի մասնակից 54 ակումբներից վեցն են, որ միայն հաղթանակներ են տոնել:

Նրանց մեջ է նաեւ Երեւանի «Միկան», որը երրորդ ռաունդում 3,5:2,5 հաշվով թիմային կարեւոր հաղթանակ տարավ արդեն նախկին առաջատար «PVK Kievchess»-ի նկատմամբ: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը բավարարվեցին կեսական միավոր վաստակելով, Զավեն Անդրիասյանը պարտություն կրեց եւ միայն Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի հաղթանակներն ապահովեցին մեր թիմի ընդհանուր առավելությունը:

Ճիշտ է, պայքարը դեռ նոր է սկսվել, սակայն վճակագրական որոշակի տեղեկություններ արդեն կան: Երեք տուրերի արդյունքով «Միկայի» կազմում լավագույն ցուցանիշ ունեն Գաբրիելն ու Տիգրանը, որոնք ակումբի եւ իրենց հաշվարկներին բերել են 2,5-ական միավոր: Այնուհետեւ գալիս են Արոնյանը՝ 2,0, Հակոբյանն ու Անդրիասյանը՝ 1,5-ական, եւ Փաշիկյանը՝ 1,0:

Չորրորդ տուրից առաջ, որում մեր թիմը երեկ հանդիպելու էր «ՕSG Baden-Baden»-ի հետ, մեր տղաները թիմային 6,0 եւ անհատական 14,0 միավորով ընթանում էին մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում: Իսկ առաջատարների եռյակը կազմում էին հետեւյալ ակումբները:

1. OSG Baden-Baden 6,0 (19,5)

2. Beer Sheva Chess klub 6,0 (17,5)

3.SPbCh Fed Sankt-Peterburg 6,0 (16,5):

Իր երկրպագուներին առայժմ ուրախանալու առիթ չի տալիս մայրաքաղաքի «Միկա» աղջիկների թիմը, որը երրորդ տուրում զիջեց Լեհաստանի «Polonia Votum Wroclaw»-ին եւ 1,0 (3,5) միավորով 11-րդն է: Անսպասելիորեն ծայրահեղ վատ է հանդես գալիս Լիլիթ Գալոյանը: Նա երեք անգամ նստել է խաղատախտակի առջեւ եւ երեքում էլ պարտվել է: Էլինա Դանիելյանն ու Նինո Խուրցիձեն նույնքան հանդիպումներում ցույց են տվել հիսուն տոկոսանոց արդյունք, իսկ Հարիկա Դրոնովալլին վաստակել է կես միավոր:

Երեկ կայացած 4-րդ տուրում աղջիկների «Միկան» ազատ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել