Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն էլ մի քիչ հիպի են

Հոկտեմբեր 08,2009 00:00

Հոկտեմբերի 3-6-ը Երեւանում անցկացված «Ռեանիմանիա» փառատոնի շրջանակում ոչ մրցութային ծրագրում ներկայացվեց բրազիլացի ռեժիսոր Օտտո Գուերայի «Sex, oregano, roc՝’n’roll» անիմացիոն ֆիլմը, որը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների եւ արժանացել մրցանակների՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում: Ֆիլմը 60-70-ական թվականներին Ամերիկայում սկիզբ առած հիպի մշակույթի մասին է, իսկ սեքսը, թմրանյութը եւ ռոքնռոլը հիպիության հիմնական 3 բաղադրիչներն են: Ֆիլմի հերոսները 2 հիպիներ էին, որ ծերացել ու գիրացել էին, օրեգանոյի միջոցով փորձում էին ստանալ թմրադեղի ազդեցությունը, քանի որ չէին կարող իրենց թույլ տալ մարիխուանա կամ այլ թանկարժեք թմրանյութեր գնել: Ֆիլմի ռեժիսոր, «Ռեանիմանիա» փառատոնի ժյուրիի անդամ Օտտո Գուերան «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ «Sex, oregano, rock’n’roll» կամ «Wood & stock» ֆիլմը ստեղծել է բրազիլացի հայտնի մուլտիպլիկատորներից մեկի մուլտֆիլմի հիման վրա, իսկ նպատակը ոչ թե ծաղրելն է, այլ հիպիների հիմնական լոզունգը («Սեր եւ խաղաղություն») քննադատելը, որովհետեւ այն հաճախ վերածվում էր ծայրահեղության: Օ. Գուերային, որ Հայաստանում է առաջին անգամ, հարցրինք՝ ինչո՞ւ հատկապես հիպիների մասին ֆիլմով է որոշել ներկայանալ հայ հանդիսատեսին: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Երբ Ամերիկայում սկսվեց հիպիների շարժումը, Հայաստանն այդ ժամանակ ԽՍՀՄ-ի կազմում էր, չգիտեմ, թե որքանով է այդ շարժումն անդրադարձել Հայաստանի վրա, բայց դրանով տարված էին ոչ թե մի խումբ մարդիկ, այլ ամբողջ Արեւմուտքը: «Ռոլինգ Սթոունզ» եւ «Բիթլզ» հանրաճանաչ խմբերն իրենց համարում էին այս հակամշակութային շարժման վառ ներկայացուցիչներ: Հիպիները սիրում էին կյանքը վայելել այնպիսին՝ ինչպիսին կար, այդ առումով որոշակի նմանություններ եմ տեսնում հայերի հետ, ձեզ մոտ էլ կա կյանքը վայելելու եւ ուրախ ապրելու հիպիական ցանկություն»:

Երեկ «Golden tulip» հյուրանոցում հայտարարվեցին փառատոնի հաղթող ֆիլմերը: Նիք Փարքի (Մեծ Բրիտանիա) «Հացի ու մահվան խնդիր» ֆիլմը ընտրվել է որպես կարճամետրաժ լավագույն ֆիլմ: Բելգիացի Գեռլանդո Ինֆուսոյի «Միլովան կրկեսը» մրցանակ է ստացել հեռուստատեսային եւ ավարտական լավագույն ֆիլմ անվանակարգում: Մանուկներից բաղկացած ժյուրին մանկական լավագույն ֆիլմ է համարել Ռուսաստանը ներկայացնող Ելենա Ռոգովայի «Լսիր ինձը»: Լեհական «Մոծակներ վարժեցնողը» ճանաչվել է որպես լավագույն կրթական ֆիլմ: Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակը այս տարի տրվել է իտալացի անիմատոր Բրունո Բոցետտոյին, քանի որ Ռոբերտ Սահակյանցը մահվանից օրեր առաջ ասել էր. «Եթե փառատոնի մյուս ֆիլմերը չկարողանամ դիտել, Բոցետտոյինը անպայման կնայեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել