Համոզված են մաեստրոյի գործի շարունակողները
Խորհրդային Հայաստանի կառավարության հրամանով 1938թ. ստեղծվեց հայ մշակույթի պատմության մեջ առաջին պետական անսամբլը, որը պետք է գրի առներ, մշակեր եւ հնչեցներ հայկական ժողովրդական երգերն ու պարերը: Այդ գործը հանձնվեց մեծանուն Թաթուլ Ալթունյանին: Երգի-պարի անսամբլը առաջինն էր, որը 1939թ. Մեծ թատրոնում առաջին անգամ հնչեցրեց հատվածներ Տիգրանյանի «Անուշից», Սպենդիարյանի «Ալմաստից», ինչպես նաեւ ժողովրդական երգի գոհարներ «Հոյ Նազան իմ»-ը, «Թելլո»-ն, «Խամ բաջի»-ն եւ այլն:
«Առավոտի» հետ զրույցում 1978-ից երգիչ, ապա 1984-ից անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանն ասաց. «Մեծն Ալթունյանին պետք չէր «թանգարանային» ազգագրական անսամբլ: Նա ուզում էր մեր երգն ու պարը տեսնել ժողովրդի կյանքով, հույզերով հագեցած, կենսուրախ ու գործուն: Մաեստրոն ոչ թե սոսկ երգիչ-երգչուհիներ, պարող տղա ու աղջիկ կամ երաժիշտ էր ուզում տեսնել բեմում, այլ մի ժողովուրդ, որը դարերի ընթացքում խոսք, երգ, պար է ստեղծել, այն իր հետ տարել բոլոր արհավիրքների բովով, չի մոռացել, սերնդեսերունդ հանձնել է որպես ժառանգություն»: Նկատենք, որ համերգային կոլեկտիվի հնարավորությունները միշտ էլ ավելի սահմանափակ են եւ զուսպ: Չկան վարագույր, դեկորներ, ռեկվիզիտ, թատերայնություն: Այստեղ երգի-պարի եւ երաժշտության մեջ հուզականությունը, կատարողական բարձր արվեստը հնարավորությունների ամենաազդու միջոցներն են: Տարազ, աննշան խաղ, փոքրիկ շարժում. սրանցով սահմանափակվել, բայց հենց սրանցով էլ առավել չափով համոզել, հուզել հանդիսատեսին: Մեզ հետ զրույցում հաստատելով ասվածը, 2004-ից անսամբլի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը, որը 1974-90թթ. անսամբլի խորմայստերն էր, մտահոգություն հայտնեց մեր օրերում հրամցվող ժողովրդական երգերի առիթով. «Ժամանակին կոմպոզիտորներ Օրբելյանը, Այվազյանը նրբորեն էին մոտենում ժողովրդական երգերի էստրադային մշակումներին: Այսօր էլ մեր ժողովուրդը հիշում է էստրադային ժանրում հանդես եկող երգչուհի Բելլա Դարբինյանի ժողովրդական ու գուսանական երգերի հիանալի մեկնաբանությունները: Հիշենք նաեւ Ժորժ Կառվարենցի «Հոյ Նազան իմ»-ի մշակումը: Լսում ես ու հիանում…»:
Անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանն էլ, որը 2008-ից ստանձնել է այս պաշտոնը, մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Էթնոգրաֆիկ-ազգային պարն ուրիշ է: Իհարկե, հավատարիմ մնալով մեր արմատներին, պետք է պարզապես ճիշտ բեմադրություններ անել: Մեր ծրագրում այսօր կան մեծանուն Ազատ Ղարիբյանի «Տարոնի ազգագրական երգերի ու պարերի շարանն» ու «Ծափպարը», որոնք կազմված են ազգագրական պարային շարժումներից, բայց, իհարկե՝ բեմադրված: Հիմնվել միայն ազգային պարի էլեմենտների վրա՝ ճիշտ չէ: Եթե զուտ զուլալ էթնոգրաֆիկ պարի պահանջ կա, ապա ես կառաջարկեի ստեղծել պետական էթնոգրաֆիկ պարային անսամբլ: Մասնագետներն ինձ հետ համակարծիք կլինեն, որ մեր ծրագրում ընդգրկված Ազատ Ղարիբյանի, Վանուշ Խանամիրյանի, Աշոտ Ասատրյանի, Գագիկ Կարապետյանի բեմադրած պարերը՝ հիմնված ազգագրական էլեմենտների վրա, իսկապես բարձրարվեստ են: Ցավոք, կան վայ-մասնագետներ, որոնք անընդմեջ խոսելով ազգագրական պարի մասին, ունենալով հնարավորություն՝ ցույց տալ անաղարտ ազգային պար, բեմ են բարձրացնում ազգագրական բեմականացված պարեր: Ես կառաջարկեի նաեւ, ինչպես արվեստի մյուս ճյուղերում, պարարվեստում էլ գործի հեղինակային իրավունքը»: Անսամբլի պաշտոնյաների հետ զրույցում տեղեկացանք, որ այս տարի նրանք ունեցել են 25 համերգ, այդ թվում՝ մարզերում նաեւ իրենց բարեկամ Ռադիկ Վանունցի աջակցությամբ: Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում պատրաստվում են հոկտեմբերի 9-ին եւս հանդես գալ համերգով: Իսկ 2010-ի ընթացքում անսամբլը համերգներով հանդես կգա Հունաստանում եւ Ֆրանսիայում: