Շվեդական բանակի էլիտար ստորաբաժանման K3 ջոկատի մարտիկները երկրի Արեւելքում, Ռոջդաֆորս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ուսումնավարժանքների ժամանակ 200 մետրի չափով սխալվել եւ հատուկ նախատեսված թիրախի փոխարեն պատահաբար գրոհել են խաղաղ բնակչին պատկանող տան վրա: Նրանք պայթեցրել են բնակելի տան դռները, ջարդել պատուհանները եւ միայն հետո են հասկացել, որ սխալվել են: Միջադեպի արդյունքում ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել, տանտիրոջ հետ կոնֆլիկտը հնարավոր է եղել հարթել: Այդ մասին հաղորդել է բրիտանական «The Daily Telegraph»-ը: Գրոհի պահին տանտերը տանը չի եղել, եւ հայտնի չէ, թե ինչպես է նա արձագանքել տեղի ունեցածին: Բայց, զինվորականների ասելով, իրենք տանտիրոջը խոստացել են տունն ամբողջովին վերանորոգել: