Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության պակասը համագործակցության համար արգելք չէ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Ղազախստան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրվել են էներգետիկայի ու առեւտրի ոլորտում համագործակցության շուրջ 6 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրեր: «BBC»-ի փոխանցմամբ, բացի այս, Ղազախստանը համաձայնել է Ֆրանսիային թույլ տալ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխել Աֆղանստան: Խոշորագույն գործարք է կնքվել նաեւ ֆրանսիական Total եւ GDF Suez ընկերությունների եւ «Կազմունայգազ» ղազախական պետական ընկերության միջեւ՝ Կասպից ծովի Խվալինսկի հատվածում գազի հանքավայրի շահագործման վերաբերյալ: Կնքված գործարքի համաձայն, ֆրանսիական ընկերություններին պատկանելու են նոր կոնսորցիումի կապիտալի 25 տոկոսը, եւս 25 տոկոսը մնալու է ղազախական ընկերության ձեռքում, իսկ մնացած 50 տոկոսը պատկանելու է ռուսական «ԼՈՒԿՕՅԼ» նավթային կորպորացիային: Համաձայնագիր է կնքվել նաեւ Spie Capag շինարարական կոնսորցիումի հետ՝ նոր գազատարի շինարարության շուրջ: Աղբյուրի փոխանցմամբ, այդ խողովակաշարով Կասպից ծովի Քաշաղան խոշորագույն հանքավայրից գազն Արեւմուտք է տեղափոխվելու գոյություն ունեցող ռուսական գազատարի շրջանցմամբ: Միաժամանակ ֆրանսիական երկաթուղային խոշոր ընկերությունը՝ Alstom-ը, Աստանայում կառուցելու է տրամվայի գծեր, իսկ Thales հայտնի պաշտպանական կորպորացիան ղազախական բանակին տրամադրելու է դաշտային ռադիոկայաններ:

«BBC»-ն նկատել է, որ այս խոշորագույն պայմանագրերը կնքվել են Ղազախստանի իշխանությունների հասցեին ուղղված՝ մարդու տարրական իրավունքների խախտումների եւ ժողովրդավարական ազատությունների ոտնահարման փաստերի առնչությամբ անընդհատ հնչող քննադատության ֆոնի վրա: Չնայած այդ քննադատություններին, Ղազախստանը պատրաստվում է դառնալ նախկին ԽՍՀՄ առաջին հանրապետությունը, որը զբաղեցնելու է ԵԱՀԿ նախագահի պաշտոնը: Սարկոզին արդեն պաշտպանել է այդ թեկնածությունը՝ այն որակելով որպես «խաղաղության օգտին կատարված ընտրություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել