Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի նշանակման հետ կապված վերջին ամիսներին բազում խոսակցություններ եղան: Կրթության վարչության նախկին պետ Օնիկ Վաթյանից հետո ժամանակավորապես այդ գործառույթներն իրականացնում էր նրա տեղակալ Արմինե Վարդանյանը: Որոշ ժամանակ համառ լուրեր էին շրջանառվում, թե կրթության վարչության պետ է դառնալու Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը:
Սակայն երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնում նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ թիվ 62 դպրոցի տնօրեն Գայանե Սողոմոնյանը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Առաքելյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ հավելեց, որ նշանակումը կատարվել է 2 օր առաջ: Նկատենք սակայն, որ քաղաքապետարանի կայք-էջում այդ մասին որեւէ տեղեկություն երեկվա դրությամբ չկար, իսկ «Քաղաքապետարանի կառուցվածք» բաժնում «Կրթության տեսչություն» պատուհանը բերում էր «no name» գրությունը: