Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն՝ 80 հազարանոց հայ համայնքի

Հոկտեմբեր 08,2009 00:00

Հայ-թուրքական հարաբերությունները եւ հայտնի Արձանագրությունները շարունակվում են քննարկվել հանրապետությունով մեկ:

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի եւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի՝ մարզկենտրոնի բուհերի ուսանողների հետ հոկտեմբերի 6-ին կազմակերպած բազմամարդ հանդիպման ժամանակ առաջադրված հարցադրումներից պարզ դարձավ երիտասարդներին մտահոգող խնդիրների լայն շրջանակը՝ քաղաքականից, տնտեսականից մինչեւ հոգեւոր-մշակութային, բաց սահմանից մինչեւ Ցեղասպանության հարցում պահանջատեր մնալը:

Անդրադառնալով նախագահի «Համահայկական ուղեւորությանը»՝ մարզպետը այն համարեց «մեծ համարձակություն, մեծ քաջություն»:

Խոսելով Արձանագրությունների հարցում Սփյուռքի հայության մեջ առկա տարաձայնությունների մասին, Ա. Քոչարյանը մեկ ընդհանրացնող բան գտավ. «Բայց որ Սփյուռքը եռում է այս հարցում՝ իսկականից եռում է»:

Իսկ Սեպուհ սրբազանն ասաց. «Երբ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, պարտավոր ենք հարաբերվելու նրանց հետ՝ հանուն այնտեղ ապրող շուրջ 80 հազար հայության եւ Թուրքիայում արտագնա աշխատանք կատարող մեր հայրենակիցների»:

Հարաբերությունների հաստատումից հետո հնարավոր խառնամուսնությունների վերաբերյալ բարձրացված հարցին սրբազանը արձագանքեց. «Ընդհանրապես ես եւ եկեղեցին դեմ ենք դրան: Ցավոք, այսօր հայ աղջիկները ոչ միայն ամուսնանում են թուրքերի հետ. մեծ թվով հայ աղջիկներ մարմնավաճառություն են անում Թուրքիայում, բայց ոչ մեկ հատ թուրք մարմնավաճառ կա Հայաստանում»:

Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ իր տեսակետները ներկայացրեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրա Ղուլյանը: Նա մտահոգված էր, որ մենք ժամանակակից Թուրքիայի մասին գրեթե ոչինչ չգիտենք կամ գիտենք քիչ բան: Վկայակոչելով վերջերս Թուրքիա կատարած իր այցը, Ղուլյանը նշեց. «Իմ մեջ գոնե էսօր վերաարժեւորելու շատ բան կա»: Նա ցավով նկատեց. «Հակադրելու բան չունենք, անհավասար պայմաններում ենք գտնվում: Տնտեսական, քաղաքական ոլորտներում ենք զիջում, զարգացածության մակարդակով ենք ետ»: Այնուամենայնիվ, բանախոսը մի դրական բան տեսնում է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, քանի որ «Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դեսպանատունը անհրաժեշտ է»:

Պատմաբան, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղին կից գործող քոլեջի տնօրեն Արշալույս Զուրաբյանն էլ մեզ ասաց, որ առկա «փակ վիճակը» ոչնչի հասցնել չի կարող: «Միանշանակ ճիշտ է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, սահմանի բացումը: Իմ պապերն էլ են Արեւմտյան Հայաստանից. կարո՞ղ է ես չեմ ուզում Ցեղասպանության ճանաչում, մեր ազգային շահերի վերհանում… պարզապես առանց բաց սահմանի, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՝ դրան հասնելը շատ դժվար է»,- համոզված է մեր զրուցակիցը:

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արամ Կոծինյանն էլ է կողմ սահմանի բացմանը. «Տնտեսական առումով շատ շահավետ է. այսօր թուրքական արտադրանքը ՀՀ է մտնում Վրաստանով, Իրանով, որի արդյունքում էապես աճում է ապրանքների գինը: Բաց սահմանի դեպքում այդպես չի լինի»:

Նույն ինստիտուտի ուսանող Վահան Ջինանյանն էլ դեմ է սահմանի բացմանը. «Եթե մի պետություն մեր ազգի դեմ Ցեղասպանություն է իրականացրել, ես չեմ կարող նրա հետ թեկուզ հարեւանություն անել, մինչեւ չճանաչի Ցեղասպանությունն ու ետ չտա մեր հողերը»: Որպես ապագա նկարիչ, նա նաեւ կարծում է, որ թուրքական մշակութային սեփականատիրական նկրտումները կխոչընդոտեն մեր մշակույթի զարգացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել