Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱ՜Տ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Բուհերը մերժում են «Ժառանգության» առաջարկը՝ քննարկումներ կազմակերպել հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ:

Դեռ սեպտեմբերի 27-ին «Ժառանգություն» կուսակցությունը՝ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի անունից դիմել էր Երեւանում գործող 17 պետական, միջպետական բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով մինչեւ հոկտեմբերի 10-ը  ընկած ժամանակահատվածում բուհերի ուսանողության հետ կազմակերպել հանդիպում՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախաստորագրված Արձանագրությունները քննարկելու նպատակով: Քանի որ «Ժառանգություն» խմբակցության անունից հղված նամակները պաշտոնական գրություններ են, որոնք «ԱԺ կանոնակարգ- օրենքով» 10-օրյա ժամկետում պահանջում են գրավոր պատասխաններ, այդ կրթական հաստատությունների ղեկավարների մի մասը պատասխանել է այդ խնդրանք-առաջարկին:

Պատասխաններն այնքան հետաքրքիր են, որ արժե ներկայացնել դրանցից ծաղկաքաղ:

Այսպես՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՊԿԱ) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը, շարադրելով ակադեմիայի ստեղծման պատմությունն ու նպատակը, վերջում գրում է. «Տարիների ընթացքում, առանձնապես նախընտրական շրջաններում, տարբեր թեւերի պատկանող քաղաքական ուժեր փորձել են քաղաքական դեբատների մեջ ներքաշել ՊԿԱ կոնտինգենտը: Սակայն հավատարիմ մնալով պետական ծառայողների քաղաքական զսպվածոււթյան սկզբունքին, որն ամրագրված է նաեւ ՀՀ օրենսդրությամբ, մեր ուսումնական հաստատությունն իր ստեղծման օրվանից առ այսօր խուսափել է այդպիսի գործընթացներից, քանի որ դա կքաղաքականացներ մեր ներկա եւ ապագա պետական ծառայողներին: Կարծում եմ, ըմբռնումով կընկալեք վերաշարադրածը եւ այլ հարթակների վրա կկազմակերպեք քննարկումները»:

ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, տեղեկացնելով, որ հարցը քննարկվել է ռեկտորատում, պատասխանում է. «Ցանկացած քաղաքական քննարկումների կազմակերպումը ՀՊՃՀ-ում՝ հակասում է մեր կանոնադրության թիվ 5 հոդվածի դրույթներին, ուստի եւ ուսանողության հետ հանդիպման կազմակերպումը նկատվում է ոչ նպատակահարմար»: Նմանատիպ է նաեւ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի պատասխանը. «Ակադեմիայի տարածքները օգտագործվում են միայն ուսումնական եւ ստեղծագործական նպատակների համար: Քաղաքական խնդիրների հետ կապված միջոցառումներ կամ հանդիպումներ ուսանողների հետ՝ ընդհանրապես նպատակահարմար չենք գտնում»:

Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը հայտնել է, որ ԵՊԲՀ-ն իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ շենքային, ուղղում է բացառապես կանոնադրական նպատակների համար, ապա վերջում «մխիթարել». «Մեր ուսանողները կարող են ցանկացած քաղաքական կամ այլ կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցել այլ վայրերում»: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքաջյանն էլ նախ տեղեկացրել է, որ իրենց ուսանողները՝ «որպես հասարակության ակտիվ մի հատված», մասնակցում են այդ հարցի շուրջ այլ վայրերում կազմակերպվող տարբեր քննարկումների եւ հանդիպումների, «եւ իրենց հուզող հարցերի պատասխանը գտնում զանգվածային լրատվամիջոցների նյութերում, քաղաքական կուսակցությունների հայտարարություններում եւ ելույթներում», ապա ավարտել՝ «Ձեր առաջարկը քննարկվել է ռեկտորատի նիստում, որը, առաջնորդվելով «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով, նպատակահարմար չի գտնում ուսանողների հետ քննարկումներ անցկացնել համալսարանում»:

Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Անն-Մարի Շլոսերը նախ հայտնում է, թե «կիսում ենք Ձեր մտահոգությունը՝ նշված քննարկումների կապակցությամբ», ապա ասում, որ «հիմնադրման օրվանից համալսարանում ցանկացած քաղաքական միջոցառում արգելված է»:

Իսկ հիմա գանք պատասխանների «թոփ-եռյակին»:

Միակ բուհը, որը «Ժառանգությանը» չի «ցրել»՝ «մենք քաղաքական խաղեր չենք տալիս» ոճի փարիսեցիական մեկնաբանություններով, դա Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) է: Ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը գրել է. «ԵԿՏԱ-ում մի շարք ոլորտների պատասխանատուների, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ սեպտեմբերի 1-ից արդեն իսկ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ-ների 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրված երկու փաստաթղթերի մեջ արտահայտված դրույթների շուրջ: Ցավոք, Ձեր գրության մեջ նշված ժամանակահատվածում գրեթե անհնարին կլինի կազմակերպել նոր լրացուցիչ քննարկումներ, որովհետեւ արդեն մեկնարկում է ուսանողների ընթացիկ եւ միջանկյալ գիտելիքների ստուգման ժամանակահատվածը»:

Պատվավոր 2-րդ տեղում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Ռեկտոր Սուրեն Զոլյանը նախ նշում է, որ, ղեկավարվելով համապատասխան օրենքի պահանջներով եւ բուհի ինքնավարության սկզբունքով՝ «ԵՊԼՀ ղեկավարությունն ինքը կորոշի հասարակական հնչեղության հարցերի, մասնավորապես՝ հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների վերաբերյալ բուհում կազմակերպվող քննարկումների ձեւաչափը»: Այս կտրուկ պատասխանին հետեւում է հաջորդ նախադասությունը. «ԵՊԼՀ-ն նպատակահարմար չի գտնում բուհի ուսանողությանը բուհի ներսում ներգրավել որեւէ կուսակցության կամ քաղաքական ուժի կողմից նախաձեռնվող միջոցառումներին»:

Դե, իսկ առաջին մրցանակային տեղը Մայր բուհինն է: Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ի՜նչ ասի, որ լավ լինի. «Երեւանի պետական համալսարանը ապաքաղաքական կրթական եւ գիտական հաստատություն է, որտեղ ընդհանրապես տեղ չեն գտնում քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների հանդիպումներ՝ ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ»: Այս ցնցող հայտարարությունից հետո Ա. Սիմոնյանը գրում է. «Աննպատակահարմար ենք համարում որեւիցե քաղաքական կուսակցության կամ կազմակերպության՝ ցանկացած ձեւաչափով հանդիպումը ԵՊՀ ուսանողության հետ, առավել եւս նման հանդիպման կազմակերպումը: ԵՊՀ պրոֆեսորադասախոսական եւ գիտական ռեսուրսները հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում այս կարեւոր հարցի առնչությամբ կազմակերպել ներհամալսարանական քննարկումներ եւ այդ հարցում քաղաքական կուսակցությունների կամ կազմակերպությունների օգնության կարիք չի զգացվում»:

Մնում է միայն ենթադրել՝ ինչպիսին կլիներ պարոն Սիմոնյանի պատասխանը, եթե նման առաջարկով իրենց դիմեր ոչ թե «Ժառանգությունը», այլ՝ Հանրապետական կուսակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել