Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԼՆԵՆՔ ՍԱՍՈՒՆ, ՄՏՆԵՆՔ ՎԱՆ

Հոկտեմբեր 08,2009 00:00

«Ազգային հարցերի» տարբեր ընկալումները

\"\"Հայաստան-Սփյուռք. Հայ-թուրքական Արձանագրություններն առնչվում են ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլեւ լակմուսի թղթի դեր են կատարում թե Հայաստանի քաղաքական համակարգի, թե Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համար: Սփյուռքի քաղաքական եւ հասարակական շատ կազմակերպություններ հայտարարում են, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Հայաստանի անունից որոշումներ կայացնել, քանզի դա Սփյուռքի եւ «համայն հայության» որոշելիքն է: Շատ հաճելի է, որ Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները որոշել են հայաստանցիներիս հետ կիսել քաղաքական որոշումներ կայացնելու բեռն ու պատասխանատվությունը, սակայն բարոյական կլիներ, որ Սփյուռքի մեր կազմակերպությունները, նախքան «համայն հայության պատիվը փրկելու սուրբ գործին» լծվելը, պատասխանեին մի քանի հարցերի: Բնական պաշարներով աղքատ ու շրջափակված Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի ժողովրդավարությունը՝ դեմոկրատական ընտրություններ, շուկայական տնտեսություն, մարդու իրավունքներ, օրենքի եւ իրավունքի գերակայություն: Այն, որ այս սկզբունքներն անկախության 18 տարիներին ոտնահարվել են եւ շատ հաճախ՝ հրապարակային ձեւով, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Երբ Հայաստանում կեղծվում են ընտրությունները՝ Սփյուռքի կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները ինչո՞ւ չեն վրդովվում, համահայկական միտինգներ չեն անում, անարգանքի սյունին չեն գամում կեղծարարներին: Հավանաբար, Սփյուռքի քաղաքական եւ հասարակական ակտիվի համար հայաստանցու ոտնահարված իրավունքները, կեղծված ընտրությունները, ոչ շուկայական տնտեսությունը, պետությունը քայքայող կոռուպցիան «ազգային խնդիրներ» չեն, որովհետեւ Լոսում, Փարիզում կամ Բեյրութում ապրող դաշնակցական սփյուռքահայի համար հայաստանցուն տանջող իրական խնդիրները «ազգային» չեն, Սփյուռքի հսկայական պոտենցիալը իր ներուժի շատ չնչին մասով է առնչվում Հայաստանի ժողովրդավարացմանը եւ արդիականացմանը, հավանաբար այդ մասին չի գրվել ոչ Սեւրի պայմանագրում, ոչ էլ Վիլսոնի իրավարար ակտերում: Ինչո՞ւ մեր սփյուռքահայ քույրերին ու եղբայրներին անկախության 18 տարիների ընթացքում այդպես էլ չհետաքրքրեց, թե հայաստանցիների համար որոնք են «ազգային հարցերը»:

Հայաստան – «Ներքին Սփյուռք». Դաշնակցությունն այսօր իշխանություններին մեղադրում է զիջողականության մեջ, մինչդեռ 10 տարուց ավելի լինելով իշխանության մեջ, ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոմպրոմիսի գնաց եւ «զիջող» եղավ թե խեղաթյուրված ընտրությունների, թե մարդու ոտնահարված իրավունքների, թե սոցիալական անարդարության, թե կոռուպցիայի եւ խեղված տնտեսական հարաբերությունների հարցերում: Որովհետեւ այդ հարցերը ՀՅԴ-ի համար էլ «ազգային» չեն: Այն, ինչ Հայաստանի համար իրական մարտահրավեր է, դաշնակցականների համար մեծ հաշվով «ազգային» չի, ուստի կարելի է «դեմ ըլլալով կողմ մնալ». իսկ ահա սփյուռքահայերի տեսլականի իրավունքների պաշտպանության հարցում՝ ոչ մի զիջում: Արդյոք բարոյական եւ Հայաստանի հանդեպ ազնի՞վ է նման կեցվածքը: Ինչո՞ւ ՀՅԴ-ն որոշեց կեղծված ընտրություններից հետո ոչ թե կառավարության դիմաց խաղաղ հացադուլ անել, այլ գնաց կառավարություն՝ մի կտոր հաց կիսելու:

Րաֆֆի Հովհաննիսյանը սիրում է ցեղասպանության հետ կապված խնդիրները համեմել «անմռունչ» բառապաշարով՝ «Հայրենազրկում, մեծ հայրենազրկում, հայրենադավություն եւ այլն»: Սակայն օգտակար կլինի, եթե հարգելի պարոն Հովհաննիսյանը իշխանություններին «հայրենազրկման» թեմայով դատափետելուց ազատ ժամանակ քաղաքացիական կեցվածք ընդուներ եւ պատասխաներ մեկ պարզ հարցի. իր վերջին հրաժարականի մասին տված վերջին ասուլիսում պարոն Հովհաննիսյանը խոսեց Հայկական հարցի մասին (մեծ հաշվով այս հարցը վերաբերում է բոլոր հայրենասեր-պահանջատերերին՝ Օսկանյան, ՀՅԴ, ՍԴՀԿ, մտավորականություն, Աշոտ Մելքոնյան եւ այլ գիտնականներ, Արա Պապյան, բոլորին կարող է չհիշեմ): Եթե Հայկական հարցը կամ Արեւմտյան Հայաստանը թուրքերից հետ վերցնելը սփյուռքահայերի համար վերածնված երազ է, ապա երազը քաղաքական օրակարգ մտցնելը եւ հայաստանցիներին երազախաբության հրահրելը արդյո՞ք ամենամեղմ ձեւակերպմամբ քաղաքական անպատասխանատվություն չէ, ամենամեղմ: Իսկ եթե պարոն Հովհաննիսյանը եւ նրա գաղափարակիցները ունեն հողերը հետ բերելու իրական ծրագիր, ապա պետք է ազնիվ լինել եւ ասել, որ Թուրքիան պատերազմով գրաված հողերը երբեք առանց պատերազմի չի զիջի, հետեւաբար ի՞նչ անուն դնել այն քաղաքական ուժերին, որոնք նման մտադրություն ունեն, թող ընտրի պարոն Հովհաննիսյանը՝ յուր պերճախոսությամբ:

P. S. Շատ «հայրենասերներ» դեմքի պատասխանատու արտահայտությամբ հայտարարում են, որ Թուրքիայի դեմ պատերազմով հողեր հետ բերելու իրավունքից պետք չէ զրկել սերունդներին: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր «հայրենասերներն» իրենց տեսլականների համար ցանկանում են պատերազմ ուղարկել «սերունդներին» եւ պայքարում են նրանց այդ իրավունքներից զրկողների դեմ՝ վերջիններիս մեղադրելով «ազգային» ուղուց շեղվելու մեջ: Իմ երեխաներին եւ ոչ մի երեխայի ես նման բան չեմ ցանկանում: Եվ դրա համար արժե պայքարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել