Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պատվաբեր պատառիկներ՝ Վանաձոր ից

Հոկտեմբեր 08,2009 00:00

Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է: Երրորդն էլ պատվո աստիճան է: Սակայն հանրապետության երրորդ քաղաքում հանրահայտ վայր կա, որը ոչ թե պատվի, այլ՝ ուրիշ զգացողություն է առաջացնում: Վանաձորի ավտոկայարանը Լոռու մարզկենտրոնի ամենամարդաշատ վայրերից է, կողքին՝ քաղաքի երկաթուղային կայարանն է: Վանաձորի բնակիչների եւ ամեն օր տարբեր տեղերից այստեղ ժամանող հարյուրավոր մարդկանց վրա տխուր տպավորություն է թողնում ավտոկայարանը:

Երկրորդ հարկի հսկայական ապակիներն այնքան կեղտոտ են, որ Վանաձորի առանց այդ էլ թխպոտ երկինքը դրանց միջով գրեթե չի երեւում: Ապակու երկու շերտերի մեջ մեկ մետրանոց մոլախոտ է աճել: Սպասասրահում իրենց դարն ապրած կարմիր, կեղտոտ նստարաններ են՝ պատռված պաստառներով: Սպասասրահի պատին մուգ կապույտ մեծ տառերով հայերեն գրված է՝ «Տոմսարկղներ», կողքին նույնպիսի կապույտ տառերով դրա ռուսերեն անվանումն է: Ինչո՞ւ «Տոմսարկղներ» եւ ոչ թե՝ «Տոմսարկղեր»: Ի՞նչ է՝ ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզո՞ւ է ճանաչվել: Ինչո՞ւ անցած քսան տարում չեն նկատել, որ տոմսարկղեր բառը սխալ է գրված եւ որ կողքին էլ խորհրդային տարիներից մնացած, այսօր օտարալեզու ցուցանակ կա: Ոչ հայեցի մտածողության, ոչ պետական մոտեցման, համայնքի պատվին անհարիր՝ առավել ակնհայտ դրսեւորում է ավտոկայարանի պատին փակցված Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների ժամանակացույցը: Այն միայն ռուսերեն է, հայերեն տարբերակը չկա: Ներքեւում Գյումրիից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվերթների ցանկն է՝ էլի միայն ռուսերեն:

Ավտոբուսային երթուղիների ցանկն էլ հին անուններ է պարունակում. այստեղ Արմավիրը դեռ Հոկտեմբերյան է, Ճամբարակը՝ Կրասնի, Մոսկվայում եւ Երեւանում հռչակավոր դարձած Տաշիրը՝ Կալինինո:

Եթե շատ մեծ վերապահումներով կարելի է մի կերպ ձեւացնել, թե ընդունելի է արդարացումը, որ Վանաձորի ավտոկայարանի երկրորդ հարկի աջ անկյունի անձրեւից քայքայված հենասալը վերանորոգելու կամ սպասասրահի կեղտոտ, պատռված նստարանները նորով փոխարինելու համար արդեն 18 տարի միջոցներ չկան, ապա տառասխալն ուղղելու, չվերթների ժամանակացուցը հայերեն դարձնելու, ավտուբուսային երթուղիների ցանկում հին անունները նորերով փոխարինելու համար մեծ ծախս չի պահանջվում: Ու այստեղ ոչ մի արդարացում չի փրկի ոչ ավտոկայարանի սեփականատերերին, ոչ էլ քաղաքի ղեկավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել