Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ն ընդդեմ ՕԵԿ-ի

Հոկտեմբեր 08,2009 00:00

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում գործող կուսակցություններին ուղարկել էր հարցում, մասնավորապես՝ նրանցից պահանջելով 2008թ. ֆինանսական հաշվետվությունները եւ 100 000 դրամը գերազանցող նվիրատվությունների աղբյուրների մասին տեղեկատվություն: Որեւէ կուսակցություն խնդրո առարկայի վերաբերյալ առարկություն չէր ներկայացրել, բացառությամբ՝ «Օրինաց երկիր» կուսակցության: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, սկսվեց եւ ավարտվեց ԻԱԿ-ի հայցի քննությունը՝ «Օրինաց երկիր» կուսակցության դեմ: ԻԱԿ-ի լիազոր-ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը, իսկ կուսակցությունը ներկայացնում էին կուսակցության անդամներ Արմեն Ավագյանն ու Ռուբեն Սարգսյանը: Վերջիններս գտնում էին, որ իրենց ուղարկած հաշվետվության բնօրինակը պատշաճ է եւ պարունակում է տեղեկատվություն: Իսկ ԻԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով, հաշվետվությունը պատշաճ չի եղել, քանի որ չի նշվել ժամկետը, այն է՝ օր, ամիս, ամսաթիվ:

Ինչ վերաբերում էր երկրորդ հարցադրմանը՝ 100 000 դրամ նվիրատվությունների մասին տեղեկատվություն տրամադրելուն, ՕԵԿ-ականները նշեցին, որ չի նշված, թե տվյալ տեղեկատվությունը ԻԱԿ-ը որ թվականի համար է պահանջում: Կարեն Մեժլումյանը պնդեց, որ տեղեկատվությունը վերաբերում է առայսօր նվիրատվություններին: ՕԵԿ-ի ներկայացուցիչ Արմեն Ավագյանը հարցրեց՝ կուսակցության ստեղծման պահի՞ց եւ երկրորդ ներկայացուցչից փորձեց ճշտել, թե երբ է կուսակցությունը ստեղծվել: Վերջինս ժպիտով պատասխանեց՝ 1997-ին:

Ի դեպ, Կ. Մեժլումյանը նկատեց, որ եթե 2008-ին էր վերաբերում, ապա ՕԵԿ-ը թող գրեր կամ տրամադրեր տվյալ տեղեկատվությունը եւ նա շեշտեց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարանջատել է այդ երկու հարցերը, ակնկալելով, թե կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան կտրվի: ՕԵԿ-ի ներկայացուցիչը հայցի առարկության ժամանակ գրեթե վիրավորական արտահայտություններ օգտագործեց՝ ԻԱԿ-ին մեղադրելով, որ նա «թյուրիմացաբար ենթադրել է», «բավարարված չի եղել», «կրկնակի հարցում չի ներկայացրել», որ կուսակցությունը պարտավոր չէր պարզաբանել վիճահարույց հարցը: Նախագահողի կողմից մինչ նիստը սկսելը եղավ հաշտություն կնքելու ակնարկ, սակայն դա անտեսվեց: Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել