Գերակա շահ է ճանաչվել հյուրանոց կառուցե՞լը
Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի 12 քաղաքացի դիմել է ՀՀ վարչական դատարան: Պատասխանող է ճանաչվել ՀՀ կառավարությունը:
Հալիձորցիները պահանջում են անվավեր ճանաչել 2009թ. հունիսի 26-ի N 944-Ն որոշումը: Ըստ այդ որոշման, ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ եւ հողերի նպատակային նշանակությունը փոխվել է:
Նշված որոշմամբ գերակա հանրային շահ է ճանաչվել հայցվորների՝ սեփականության իրավունքով պատկանող 6500, 14 890, 11 292, 6515 քմ տարածքով հողամասերի վրա իրականացվելիք ծրագիրը:
«Սյունիքի մարզպետի անունից հանդես եկող անձինք վերջին մեկ տարվա ընթացքում հայցվորներիս տարբեր մեթոդներով, այդ թվում՝ սպառնալիքներով փորձում են հարկադրել, որ մեր հողամասերը 1քմ-ն 100 դրամով վաճառենք իրենց, այն դեպքում, երբ դա կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր է, իսկ դրանց շուկայական արժեքը 2000 դրամից էլ թանկ է: Մենք չենք համաձայնել մեր հողամասերը վաճառել, քանի որ մեր օրվա հացը ստեղծում ենք այդ հողամասերը մշակելով, իսկ 1քմ-ն 2000 դրամից պակաս գնով վաճառելու դեպքում կմնանք անգործ ու այդ չնչին գումարով չենք կարող պահել մեր ընտանիքները»,- իրենց հայցադիմումում հայտնում են հայցվորները:
«Արդեն որոշ ժամանակ է, ինչ հարկադիր կերպով, մեր կամքին հակառակ, մեր հողամասեր է ներխուժել եւ հողաշինական աշխատանքներ է կատարում «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփանիե» ՓԲԸ-ն կամ վերջինիս շինարարները, որոնք նաեւ ցանկապատել են մեր հողամասերի մի մասը: Մենք փորձում ենք թույլ չտալ մեր հողամասերում աշխատանք կատարել, սակայն մեզ ահաբեկում են, թույլ չեն տալիս մտնել մեր իսկ հողամասեր, ասելով, որ բռնել կտան, իսկ երբ դիմում ենք ոստիկանության Գորիսի բաժին, ասում են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ այդ ամենը կատարվում է Սյունիքի մարզպետի հսկողությամբ»,- ահաբեկված հավելում են հայցվորները:
Ըստ վերջիններիս, այդ պահին կառավարության կողմից հաստատված եւ ուժի մեջ մտած որեւէ ծրագիր չի եղել, ու հողամասերը իրենցից վերցվում են հյուրանոց կառուցելու համար:
Հողազավթիչները հավանաբար տեղյակ չեն, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում»:
Իսկ 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Գերակա հանրային շահից ելնելով, սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը.
դ) հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ.
ե) գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով»:
Պատասխանող կողմին նրանք հիշեցնում են 7-րդ հոդվածը, ըստ որի՝ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում»: Այսինքն, այն բացառիկ՝ գերակա հանրային շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը:
«Եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի եւ ձեռք բերողի միջեւ կնքված պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը»,- ասում է հալիձորցիների ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Հայցվորներին չի տեղեկացվել նախնական համարժեք փոխհատուցման մասին, եւ արդյունքում՝ առանց սեփականատերերին փոխհատուցում տալու եւ տեղյակ պահելու, «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփանիե» ՓԲԸ-ն սկսել է նրանց հողամասերի վրա հողաշինական աշխատանքներ կատարել:
«Վիճարկվող որոշումն ընդունելու պահին առկա չի եղել կառավարության կողմից հաստատված եւ ուժի մեջ մտած ծրագիր՝ օտարման նպատակը, հայցվորները որոշումը չեն ստացել, իսկ www.arlis.am կայքում վիճարկվող որոշմանը կցված չէ «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփանիե» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիրը եւ նրանք վերջինիս հասցեն չիմանալով՝ զրկված են ձեռք բերողին դատի տալու հնարավորությունից, ավելին, իրենց հայտնի չէ, թե ձեռք բերողն ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունի, մասնավորապես՝ առանց շուկայական գնով նախնական փոխհատուցում տալու հայցվորների հողամասերի վրա նրանց կամքին հակառակ շինարարական աշխատանքներ կատարելու իրավունք ունի՞, թե՝ ոչ»,- նշում է հայցվորների ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը: