Կրթության ոլորտի մասնագետ Սերգեյ Մաճկալյանը իր չորրորդ գիրքը նվիրել է մեծն Թումանյանի 140-ամյակին: «Թումանյանի հետ, Թումանյանով կամ 140 հարց ու պատասխան» գրքի նախաբանում հեղինակը գրում է. «Թումանյանը ինձ համար շատ հոգեհարազատ է ոչ միայն որպես գրող, երկնող, այլ որպես մարդ՝… լավ թամադա է եղել եւ մեծ հաշտարար: Նա 1906 թվականին հարեւան երկու ժողովուրդներին հաշտեցնելու նպատակով այցելել է իմ ծննդավայր, այն ժամանակ՝ Բարանա, նույնիսկ մասնակցել է մի հարսանիքի, եղել այդ հարսանիքի թամադան»: Գիրքը երեւակայական զրույց է Թումանյանի հետ՝ Երեւանի Թումանյան փողոցով քայլելիս: 140 հարցերին ի պատասխան, ներկայացվում են Թումանյանի ստեղծագործությունները, նրա խոհերն ու աշխարհընկալումը, բանաստեղծի տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ: Սերգեյ Մաճկալյանի վկայությամբ՝ ինքը Երեւանի մշակութային երկու հաստատություններից առաջարկ էր ստացել գրքի շնորհանդեսը անցկացնել մայրաքաղաքում, սակայն նախընտրեց ծննդավայր Նոյեմբերյանը: Սահմանամերձ քաղաքում շնորհանդեսին հավաքվել էին մտավորականներ, ուսուցիչներ, բանաստեղծներ, հ/կ-ների ներկայացուցիչներ: Կայացավ աշխույժ քննարկում, որի երկրորդ մասն անցավ աշնանային մրգերով լի սեղանների շուրջ, եւ արդեն առարկայական էր հնչում Թումանյանի հանրահայտ «Թասդ բերը»: