Սրտաբանական ծառայությունները մեծահարուստներին են հասանելի
Հայաստանում վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել: Ավելին, մասնագետներն ահազանգում են, որ այս հիվանդությունները «երիտասարդանում» են: «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն մեր այցելության պահին մեծ հերթեր էին գոյացել: Սրտաբանների ներկայացմամբ, հիվանդանոցում գրեթե ամեն օր այս պատկերն է՝ հատկապես աշնանը եւ գարնանը, երբ սրտանոթային հիվանդությունները սրվում են: Կենտրոնի հիվանդների թիվը տարեկան ավելանում է 20-25%-ով: Եթե մարդը վճարունակ չէ, սակայն պետք է շտապ սրտի վիրահատության ենթարկվի, այդ դեպքում ի՞նչ եք անում՝ մեր հարցին կենտրոնի մեծահասակների սրտաբանական կլինիկայի ղեկավար Կարինե Սարգսյանն ասաց, որ իրենք մարդասիրական սկզբունքներով էլ են առաջնորդվում: «Սա չի նշանակում, թե բոլորը պետք է գան եւ անվճար վիրահատվեն: Նախորդ տարիներին անվճարունակ ընտանիքների հետ բուժհիմնարկը պայմանագրեր էր կնքում, որպեսզի գումարն աստիճանաբար մարեին, սակայն փորձը ցույց տվեց, որ վիրահատվելուց հետո հայը մոռանում է վճարելու մասին, եւ մենք դատական քաշքշուկների մեջ ենք ընկնում»:
Չնայած հիվանդացության աճին, Հայաստանում սրտաբանական ծառայությունները ոչ բոլորին են հասանելի, սրտի վիրահատությունների արժեքը բնակչության եկամուտների համեմատությամբ շատ բարձր է. «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում բուժսպասարկումը հիվանդին արժենում է 900 հազարից մինչեւ 2 մլն 800 հազար դրամ: Սրտի վիրահատության ենթարկվելու համար շատ հաճախ մարդիկ սեփական ունեցվածքն են վաճառում: Այս կենտրոնում վիրահատված հիվանդների հարազատներն ընդհանուր առմամբ գոհ են մատուցվող ծառայություններից եւ վիրահատության արդյունքից, սակայն գրեթե բոլորն էլ նշեցին, որ ծառայությունների գները շատ բարձր են: «Հորեղբորս վիրահատելու համար մեզանից 2 մլն 500 հազար դրամ են պահանջել: Գներն այնքան էլ մատչելի չեն, իսկ մարդիկ վճարունակ չեն»,- մեզ հետ զրույցում ասաց հիվանդներից մեկի հարազատը՝ Նինա Կարապետյանը: Կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն Մերուժան Գալստյանը համամիտ չէ հիվանդատերերի հնչեցրած դժգոհությունների հետ. «Թյուր կարծիք է, թե գները թանկ են, մարդիկ իրենց բյուջեի չափից ելնելով են դա ասում»: Ըստ Մ. Գալստյանի, տարածաշրջանի երկրների համեմատությամբ՝ մեզ մոտ սրտի վիրահատության գներն էժան են. «Անգամ մենք այնպիսի վիրահատություններ ենք իրականացնում, որոնք իրենց բարդության պատճառով Վրաստանում եւ Հյուսիսային Ռուսաստանում չեն կատարվում: Մեզ մոտ մահացության ցուցանիշն էլ ավելի ցածր է»: Նա անգամ դժգոհեց, որ հիվանդների անվճարունակության հետեւանքով չեն կարողանում թարմացնել կենտրոնի թանկարժեք սարքավորումները:
Բուժծառայության այս տեսակը վերջին 3-4 տարիներին ՀՀ կառավարությունը փորձում է հասանելի դարձնել նաեւ աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված, 36-ից բարձր աղքատության միավոր ունեցող խավին: Սակայն պետպատվերով տեղերի թիվն այնքան էլ մեծ չէ, թեեւ մասնագետները պնդում են, որ տարեկան հատկացումները բավականացնում են բոլոր դիմողներին: Սրտաբանական ծառայությունների մասով պետպատվեր հատկացվում է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում, «Հույս եւ կյանք» եւ «Առիթմոլոգիական սրտաբանական խումբ» ՍՊԸ-ներում: «Մեր բուժհիմնարկում տարեկան պետպատվերով սրտի վիրահատության է ենթարկվում շուրջ 100 անապահով: Չնայած հիվանդների թվի աճին՝ հատկացված ֆինանսավորումը բավականացնում է բոլոր դիմողներին եւ այն ավելացնելու անհրաժեշտություն առայժմ չի առաջացել»,- հավատացնում է Մ. Գալստյանը: Պետպատվերով սրտի վիրահատության պետք է ենթարկվեն նաեւ շտապ բուժօգնության կարիք ունեցողները եւ զինծառայողների ընտանիքի անդամները: Պետպատվերի համակարգում են ընդգրկված նաեւ մինչեւ 10 տարեկան երեխաները:
Իսկ որքանո՞վ են վերոնշյալ արտոնյալ խավերն օգտվում իրենց հասանելիք բուժծառայությունից, սահմանո՞ւմ է, արդյոք, պետությունը վերահսկողություն, որպեսզի պետական միջոցներն արդյունավետ ծախսվեն՝ մեր հարցերին առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության փոխտնօրեն Կառլեն Անտոնյանը պատասխանեց. «Պետական միջոցները տվյալ բուժհիմնարկներին հատկացվում են վիրահատությունները կատարելուց հետո միայն՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Կեղծիք լինել չի կարող»:
2008-ին արտոնյալ խավերի սրտի վիրահատության իրականացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 374.5 մլն դրամ: Վիրահատվել է 448 մարդ: 2009-ին հատկացումը նույնն է մնացել, իսկ 8 ամիսների կտրվածքով պետպատվերով վիրահատվել է 300 մարդ:
Ըստ մասնագետների, սրտանոթային հիվանդությունների առաջացմանն առաջին հերթին նպաստում է ոչ ճիշտ ապրելակերպը: Մարդիկ այսօր ֆիզիկական ակտիվություն չեն դրսեւորում, կանոնավոր չեն սնվում, ծխում են, ինչն էլ նպաստում է այս հիվանդությունների զարգացմանը: