2009-ի հուլիսին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա շարունակել է խորանալ՝ հանգեցնելով 12-ամսյա կտրվածքով ՀՆԱ-ի իրական ծավալի 18,5%-ով նվազման: Անկման հիմնական պատճառը շինարարության եւ արդյունաբերության ճյուղերի գծով արձանագրված նվազման աննախադեպ բարձր ցուցանիշն է: Այս մասին ասվում է երեկ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հաշվետվության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ, շինարարության ճյուղում անկման 12-ամսյա տեմպը գերազանցել է 55%-ը, իսկ արդյունաբերության անկման տեմպը կազմել է շուրջ 12%:
ԿԲ խորհուրդը երեկ քննարկել է նաեւ միջազգային ապրանքային շուկաներում գնային զարգացումները:
Ըստ հաշվետվության, 2009-ի օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, արձանագրվել է 0,4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3,5%՝ նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատությամբ ավելանալով 0,4 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային ապրանքների գները նվազել են 1,3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները եւ ծառայությունների սակագները աճել են, համապատասխանաբար, 0,3%-ով եւ 0,8%-ով: