Լրահոս
Օրվա լրահոսը

Կսովորեն ուրիշի սխալների վրա

Հոկտեմբեր 08,2009 00:00

«Մենք մտահոգված ենք Հայաստանում առկա մենաշնորհային երեւույթներով, որոնք արդյունք են այն բանի, որ մենք ունենք ստվերային տնտեսություն եւ միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիներ»,- երեկ մեկնարկած ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով արտահանումն ու ներկրումը շատ թանկ է, եւ փոքր ու միջին բիզնեսը չի կարողանում դա իրեն թույլ տալ, արդյունքում դաշտը մնում է խոշորներին: Տ. Սարգսյանի ներկայացմամբ, թեեւ տարբեր երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտի խնդիրները տարբեր են, այնուամենայնիվ, նման հանդիպումների շնորհիվ հնարավոր կլինի փորձի փոխանակման միջոցով խուսափել միմյանց սխալները կրկնելուց:

Մեզ հետ զրույցում հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Ազամ Ուսմանովը նշեց, որ նման համաժողովները առիթ են, որպեսզի տարբեր երկրների ներկայացուցիչները շփվեն փորձով եւ քննարկեն օրենսդրական բարեփոխումները:

Խոսելով մրցակցային մարմինների կողմից որոշ երկրներում կիրառվող տուգանքների մասին, պարոն Ուսմանովն ասաց. «Օրինակ՝ Ռուսաստանի նավթային ընկերություններին հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանում է մեծ գումարներով: Ես կարծում եմ՝ դա շատ ճիշտ է: Սակայն ինչքան էլ նրանց տուգանում են, այդ ընկերությունները կրկին սխալ են անում, որովհետեւ նրանք այդ հակամրցակցային գործարքներից ավելի մեծ եկամուտներ են ունենում, քան այն գումարներն են, որոնք որպես տուգանք են վճարում: Այս դեպքերում պետք է հարուցել քրեական գործեր, որպեսզի նման սխալներից խուսափենք»:

Ավստրիայի ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի նախագահ Թեոդոր Թաններն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց երկրում տնտեսության առաջնահերթություններից են համարվում համագործակցությունն ու ներդրումները տնտեսության մեջ, ինչն էլ շատ կարեւոր է հատկապես մրցակցության առումով: Թ. Թանները նշեց նաեւ. «Մենք շատ բան կարող ենք սովորել Հայաստանի մրցակցության մարմնից, եւ, իհարկե, նրանք էլ իրենց հերթին կարող են փորձառություն ձեռք բերել մեզնից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել